Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515
    521

  • EUR

    621,5
    634,5

  • RUB

    6,93
    7,19

Կարևոր իրադարձություններ

ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ (տեսանյութ)

09 Դեկտեմբեր, 2020 19:40
ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ (տեսանյութ)

Դեկտեմբերի 9-ին Ֆրանսիա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպեց Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեին։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Սենատի առաջին փոխնախագահը, արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահը, ինչպես նաև Սենատի մի շարք քաղաքական խմբակցությունների ղեկավարներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունից։

Զրուցակիցները երկուստեք գոհունակություն հայտնեցին Հայաստանի և Ֆրանսիայի միջև ինտենսիվ քաղաքական երկխոսության առկայությամբ՝ հիմնված հարուստ պատմամշակութային առնչությունների և երկու ժողովուրդների միջև անկեղծ բարեկամության վրա:     

Նախարար Այվազյանը շնորհակալություն հայտնեց նոյեմբերի 25-ին Սենատի կողմից ընդունված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին» բանաձևի կապակցությամբ՝ շեշտելով, որ այն կարևոր ազդակ է միջազգային հանրությանը և արտահայտում է մարդու իրավունքների համընդհանուր քաղաքակրթական արժեքներին ֆրանսիացի ժողովրդի անշեղ հավատարմությունը։

Անդրադառնալով բանաձևի խորհրդին՝ նախարարն ընդգծեց դրա կարևորությունն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման և արցախյան հիմնահարցի արդարացի լուծման գործընթացում: Նախարարը նշեց, որ Թուրքիան, գործուն աջակցություն ցուցաբերելով Արցախի դեմ Ադրբեջանի ռազմատենչ ագրեսիային, պատասխանատվություն է կրում Ադրբեջանի` հայ ժողովրդին իր պատմական հայրենիքում բնաջնջելու քաղաքականության համար: 

Նախարար Այվազյանն իր ֆրանսիացի պաշտոնյաների ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված հայկական պատմամշակութային և կրոնական կոթողների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի, դրանց ոչնչացման, և պղծման դրսևորումների վրա: Այս համատեքստում կողմերը շեշտեցին հակամարտության գոտիներում մշակութային ժառանգության պահպանության և այդ գործում միջազգային մասնագիտացված կառույցների ակտիվ ներգրավվածության կարևորությունը:    

Հանդիպմանը քննարկվեցին նաև Արցախի ժողովրդի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գոյացած հումանիտար մարտահրավերները և դրանք հասցեագրելուն ուղղված քայլերը։ 

Տեղի ունեցավ մտքերի ակտիվ փոխանակում տարածաշրջանային մի շարք հրատապ հարցերի շուրջ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին