Կարևոր իրադարձություններ

Պտղունքի` 72 տարվա դպրոցը առաջին անգամ կվերակառուցվի. Այն 4-րդ կարգի վթարային է

09 Դեկտեմբեր, 2020 13:09
Պտղունքի` 72 տարվա դպրոցը առաջին անգամ կվերակառուցվի. Այն 4-րդ կարգի վթարային է

ՀՏԶՀ լրատվական ծառայությունից հայտնում են, որ Արմավիրի մարզի Պտղունք համայնքի միակ միջնակարգ դպրոցը վերջապես կվերակառուցվի։ Տիգրան Մեծի անվան այս դպրոցը կառուցումից ի վեր երբեք չի վերանորոգվել։ Վերջին ուսումնասիրությունների արդյունքում պարզ էր դարձել, որ շենքն ունի 4-րդ կարգի վթարայնության աստիճան, ինչը խիստ վտանգավոր էր դարձնում կրթական

ծրագրերի անցկացումն` այս հարկի տակ։ Տարիներ առաջ նույնիսկ պատերի մասնակի փլուզման դեպքեր են եղել, դպրոցում մինչև անգամ խմելու ջուր չկար, իսկ ձմռանը դասապրոցես իրականացնելը կրկնակի վտանգավոր էր երեխաների համար։ Ամենակարևոր խնդիրներից մեկն էլ այն է, որ դպրոցահասակ երեխաներից ընդամենը 40 տոկոսին էր հաջողվում հաճախել համայնքի դպրոց, մյուսները ստիպված էին գնալ այլ համայնքներ։

Երկու տարի առաջ դպրոց էր այցելել ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը, խոստացել հետամուտ լինել դպրոցի բարեկարգմանն ու աշակերտների համար անվտանգ կրթական միջավայրի ապահովմանը։

ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով արդեն մեկնարկել են Պտղունքի միջնակարգ դպրոցի` հիմնովին վերակառուցման աշխատանքները։ Հաշվի առնելով շենքի անմխիթար վիճակն` այն կքանդվի և կկառուցվի նոր սեյսմակայուն շենք, որը հարմարեցված կլինի նաև հաշմանդամություն ունեցող երեխաների համար, կունենա վերելակ, ջեռուցման, հակահրդեհային, ջերմամեկուսացման համակարգեր, հարմարավետ մարզադահլիճ և կծառայի 280 աշակերտի։ Այս բոլոր աշխատանքների համար ներդրվել է 886 միլիոն դրամ, որից 16,7 %-ը հատկացվել է ՀՀ կառավարության կողմից, մյուս մասը վարկ է` Ասիական զարգացման բանկից։

 

 

Լրահոս

Դիտել ավելին