Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    520

  • EUR

    622,5
    634,5

  • RUB

    6,77
    7,02

Կարևոր իրադարձություններ

Արման Թաթոյանը դիմել է Սահմանադրական դատարան

09 Դեկտեմբեր, 2020 10:36
Հեղինակ՝ Արման Թաթոյան
Արման Թաթոյանը դիմել է Սահմանադրական դատարան

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Այսօր դիմել եմ Սահմանադրական դատարան՝ վիճարկելով այն, որ Հարկային օրենսգրքով նախատեսված չէ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնները խախտելու համար տուգանքների նշանակման ճկուն մեխանիզմ, այլ սահմանված են տուգանքների ֆիքսված չափեր` առանց հաշվի առնելու կոնկրետ իրավախախտման հանգամանքները:

Այս հարցով Բարձր դատարանից հետ էի վերցրել որոշ ժամանակ առաջ հասցեագրած դիմումս, քանի որ Կառավարության հետ ձեռք էր բերվել պայամանվորվածություն, որ բարեփոխումներով արագ լուծում կտրվի այս հարցին: Սակայն հաշվի առնելով, որ դրանից հետո Կառավարությունը չընդունեց, որ առկա է սահմանադրականության խնդիր ու այդպիսով փոփոխություններ չեն իրականացվել՝ նորից եմ դիմել Սահմանադրական դատարան, հաշվի առնելով, որ խնդիրը շարունակում է մնալ արդիական։

Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-5.1-րդ մասերին, որոնց համաձայն, օրինակ՝ տեխնիկական պահանջները բավարարող հսկիչ դրամարկղային մեքենայի բացակայության համար կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը տուգանվում է` 300․ 000 դրամի չափով, իսկ հանրային սննդի օբյեկտում իրականացվող հանրային սննդի գործունեության մասով 1․000․000 դրամի չափով: Ստացվում է, որ օրենքով հարկային մարմնի համար նախապես կանխորոշված են տուգանքների չափերը, որոնցից որևէ բացառություն չի կարող արվել։

Մասնավորապես, տուգանքները նշանակվում են առանց անհատականացման. դրանք չեն նշանակվում հիմք ընդունելով ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտի շրջանառության ծավալը: Առաջին անգամ իրավախախտումը հայտնաբերելիս տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտի նկատմամբ կիրառվում է տուգանք՝ անկախ խախտումը կատարելու օբյեկտիվ կամ սուբյեկտիվ գործոններից։

Խնդրահարույց է նաև տուգանքի չափերի բարձր լինելը, ինչը նորաբաց և/կամ փոքր կազմակերպությունների, ի տարբերություն տարիներ շարունակ գործող և մեծ կազմակերպությունների, դնում է տնտեսական դժվար կացության առաջ, իսկ որոշ տնտեսվարող սուբյեկտների համար այն հանգեցնում է ընդհուպ մինչև ձեռնարկատիրական գործունեության դադարեցման:

Իմ դիրքորոշմամբ՝ վերոնշյալ վիճակը չի ապահովում տնտեսական և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու երաշխավորման սահմանադրական պահանջը։ Սա իր հերթին հանգեցնում է տնտեսական, ներառյալ՝ ձեռնարկատիրական, գործունեությամբ զբաղվելու սահմանադրական իրավունքի նկատմամբ անհամաչափ միջամտության հարկային մարմինների կողմից»:

 

Լրահոս

Դիտել ավելին