Կարևոր իրադարձություններ

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի նորանշանակ ներկայացուցչին

08 Դեկտեմբեր, 2020 18:55
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի նորանշանակ ներկայացուցչին

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի նորանշանակ ներկայացուցիչ տիկին Մարիեն Քլարկ Հաթինգի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության լրատվական ծառայությունից։

ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ՝ նախարար Վահրամ Դումանյանը, ողջունելով հյուրերին, նշել է, որ բարձր է գնահատում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության գործունեությունը: ԿԳՄՍ նախարարը փաստել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցության հարուստ փորձի մասին և վստահություն հայտնել, որ իր պաշտոնավարման օրոք այդ հարաբերությունները կշարունակվեն զարգանալ. «Կան բոլոր նախադրյալները ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ մեր կայացած համագործակցությունը նաև հետայսու շարունակելու և ընդլայնելու համար: Հետպատերազմյան շրջանի և կորոնավիրուսի համավարակի հարուցած դժվարությունների հաղթահարման ու ներկայիս մարտահրավերներին դիմակայելու տեսանկյունից մեր արդյունավետ համագործակցությունը խիստ կարևոր է»:

ՀՀ-ում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի նորանշանակ ներկայացուցիչ տիկին Մարիեն Քլարկ Հաթինգը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վերահաստատել համագործակցության շարունակության պատրաստակամությունը. «ԿԳՄՍ նախարարությունը Հայաստանում մեր հիմնական գործընկերներից է: Պատրաստ ենք գործադրել հնարավոր բոլոր ջանքերը համատեղ ուժերով առկա խնդիրները լուծելու համար: Մենք վերանայում ենք մեր՝ բարեփոխումների առաջիկա 5 տարիների ծրագրերը՝ դրանք հնարավորինս համապատասխանեցնելով Կառավարության որդեգրած ռազմավարություններին»:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև համագործակցության շրջանակի ընդլայնմանը և նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:

 

Լրահոս

Դիտել ավելին