Կարևոր իրադարձություններ

ՀՔԾ աշխատակիցները մասնակցել են ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման թեմայով քննարկմանը

08 Դեկտեմբեր, 2020 12:48
ՀՔԾ աշխատակիցները մասնակցել են ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման թեմայով քննարկմանը

ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակիցները 2020 թ. դեկտեմբերի 5-ից 6-ը մասնակցել են երկրից անօրինական ճանապարհով դուրս բերված ակտիվների վերադարձի, ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման և փողերի լվացման դեմ պայքարի թեմաների վերաբերյալ Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) կողմից կազմակերպված մասնագիտական քննարկմանը:

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, նշելով, որ քննարկվող թեմաները կարևոր ու արդիական են փողերի լվացման և ապօրինի ձեռք բերված գույքը թաքցնելու դեպքերի քննության արդյունավետության բարձրացման տեսանկյունից, կարևորեց այս ոլորտում փորձի փոխանակման նպատակով գերմանացի գործընկերների հետ համագործակցության անհրաժեշտությունը:

Քննարկման ընթացքում փորձագետներն իրենց երկրի օրինակով ներկայացրել են ապօրինի հարստացման և երկրից անօրինական ճանապարհով դուրս բերված ակտիվների վերադարձին առնչվող հարցերը, այդ թվում` միջազգային համագործակցությանն օժանդակող ցանցերի և իրավական փոխօգնության հարցումների հետ կապված աշխատանքների, փողերի լվացմանը նախորդող հանցանքների քննության առանձնահատկությունները, ինչպես նաև անդրադարձել են փողերի լվացման գործնական դեպքերին:

Կողմերը, կարևորելով նման քննարկումների արդյունավետությունն ու բարձրացված հարցերի արդիականությունը, հույս են հայտնել, որ գործընկերային հարաբերությունների խորացմանը միտված հանդիպումներն ու փորձի փոխանակումը կշարունակվի նաև առաջիկայում:

 

Լրահոս

Դիտել ավելին