Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515
    521

  • EUR

    622,5
    635,5

  • RUB

    6,93
    7,19

Կարևոր իրադարձություններ

ԱԺ-ում պետք է քննարկվի հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց վերադարձնելու խնդիրը. Էդմոն Մարուքյան

07 Դեկտեմբեր, 2020 17:41
Հեղինակ՝ Էդմոն Մարուքյան
ԱԺ-ում պետք է քննարկվի հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց վերադարձնելու խնդիրը. Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Տեղեկացնում ենք, որ համաձայն Ազգային ժողովի կանոնակարգի 123-րդ հոդվածի՝ վաղը կայանալիք Ազգային ժողովի 3-րդ հիմնական նիստում պետք է քննարկվի հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու խնդիրը, ինչպես նաև քվեարկվի Ազգային ժողովի ուղերձի հետևյալ նախագիծը.

 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ու Ղ Ե Ր Ձ
 
Հիմնվելով ՄԱԿ֊ի1948թ֊ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին 1949թ֊ի Ժնևյան կոնվենցիայի, Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին1949թ֊ի Ժնևյան կոնվենցիայի, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին 1950թ֊ի եվրոպական կոնվենցիայի, Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման1965թ֊ի միջազգային կոնվենցիայի և Մարդու իրավունքների ու մարդասիրական իրավունքի նորմեր սահմանող այլ միջազգային պայմանագրերի, միջազգային սովորութային իրավունքի, քաղաքակիրթ ազգերի կողմից ճանաչված միջազգային իրավունքի սկզբունքների վրա,
 
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայկական և ադրբեջանական կողմերը Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ պայմանավորվել են փոխանակել 2020թ֊ի սեպտեմբերի27-ից մինչև նոյեմբերի 10-ը ռազմական գործողությունների ընթացքում, ինչպես նաև դրանից հետո գերության մեջ հայտնված անձանց և դիերը,
 
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի Հանրապետությունն արհեստականորեն ձգձգում է գերիների ու դիերի փոխանակման գործընթացը, ակնհայտորեն չի ընդունում իր իշխանության տակ հայտնված ռազմագերիների և ազատազրկված քաղաքացիական անձանց իրական քանակը, թաքցնում նրանց իրական քանակը, շարունակում դաժան վերաբերմունքը, ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումները, ավելին՝ իր զինված ուժերի առանձին ներկայացուցիչների միջոցով տեսագրում այդ ամենը և տարածում սոցիալական ցանցերում և մեդիայում.
 
Հաշվի առնելով Ադրբեջանի իշխանությունների նպատակամղված, կազմակերպված և համակարգված քաղաքականությունը՝ ուղղված էթնիկ հայերի նկատմամբ ատելություն և թշնամանք բորբոքելուն, աշխարհի տարբեր մասերում հայերին սպանելու, խոշտանգելու գործում դեր ունեցած անձանց հերոսացնելուն՝
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՆ
Ու Ղ Ե Ր Ձ Ո Վ Դ Ի Մ Ու Մ Է
 
Միջազգային հանրությանը՝ ՄԱԿ֊ի Մարդու իրավունքների խորհրդին, ՄԱԿ֊ի խոշտանգումների դեմ կոմիտեին և Խոշտանգումների կանխման ենթակոմիտեին, ՄԱԿ֊ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին, Ռասայական խտրականության վերացման կոմիտեին, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կոմիտեին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ԵԱՀԿ Մինսկի խմբին, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարին, Խոշտանգումների կանխման եվրոպական կոմիտեին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին և Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող այլ միջազգային ու ազգային կազմակերպություններին, կառույցներին և անձնաց,
 
Կ Ո Չ Ե Ն Ք Ա Ն Ու Մ
· ավելացնել ճնշումը Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ՝ Մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի միջազգային փաստաթղթերով, սովորութային իրավունքով և քաղաքակիրթ ազգերի կողմից ճանաչված սկզբունքներով ստանձնված միջազգային պարտավորությունների հարգման և կատարման ուղղությամբ,
 
· ստիպել Ադրբեջանի Հանրապետությանը դադարեցնել խոշտանգումները, անմարդկային և դաժան վերաբերմունքը հայ ռազմագերիների և ազատազրկված քաղաքացիական անձանց նկատմամբ,
 
· ստիպել Ադրբեջանի Հանրապետությանը հայկական կողմին անհապաղ հանձնել իրենց իշխանության ներքո գտնվող հայ ռազմագերիներին, քաղաքացիական բնակչությանը,
 
· ստիպել Ադրբեջանի Հանրապետությանը դադարեցնել ռասայական խտրականությամբ պայմանավորված հայատյացության քաղաքականությունը հանրային կյանքի բոլոր ոլորտներում՝ դպրոցներում, ուսումնական հաստատություններում, հասարակական, ռազմական և քաղաքական գործիչների հանրային հայտարարություններում, սոցիալական ցանցերում, մեդիայում, ինչպես նաև հայատյացության պետական քաղաքականության ցանկացած այլ դրսևորման մեջ,
 
· առավելագույն ջանքերով ու իրական քայլերով դադարեցնել քաղաքակիրթ աշխարհի համար ամոթալի, ռասսայական խտրականությամբ պայմանավորված Ադրբեջանի Հանրապետության հայատյաց քաղաքականությունը, այդ թվում՝ վերջինիս կողմից Մարդու իրավունքների ու արժանապատվության ակնհայտ ոտնահարման, պատերազմական հանցագործությունների, դաժան ու անմարդկային վերաբերմունքի և ստանձնված միջազգային պարտավորություններից ամեն կերպ խուսափելու անսանձ քաղաքականությունը»։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին