Կարևոր իրադարձություններ

Շվեդիան և Հայաստանը շարունակական համագործակցության ավանդույթ են ձևավորում

07 Դեկտեմբեր, 2020 16:46
Շվեդիան և Հայաստանը շարունակական համագործակցության ավանդույթ են ձևավորում

1988 թ․ Սպիտակի ավերիչ երկրաշարժից 32 տարի անց Շվեդիայի արտակարգ իրավիճակների գործակալությունը՝ MSB-ն, վերադարձել է Հայաստան՝ աջակցելու Արտակարգ իրավիճակների նախարարությունում բնակչության պաշտպանության համակարգի զարգացմանը։

«Ես հպարտ եմ, որ այս առաքելության մաս եմ կազմում։ Հայաստանում մեր գործընկերը՝ ԱԻՆ-ը, այս ծրագիրն իրականացնելու ցանկություն է հայտնել, որը նախարարության հնարավորությունները զարգացնելու կարևոր գործոն է։ Ես անհամբերությամբ եմ սպասում բնակչության պաշտպանության կարևոր բնագավառում մեկս մյուսից սովորելու և զարգանալու այս գործընթացին»,-ասել է Թվինինգ ծրագրի մշտական խորհրդատու Ջոն Անդերսենը, որը Հայաստան է գործուղվել Շվեդիայի արտակարգ իրավիճակների գործակալությունից՝ ծրագրի իրականացումը ղեկավարելու համար։

ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ գնդապետ Հովհաննես Եմիշյանի գնահատմամբ՝ խոհրդանշական է բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի կառավարման ոլորտում այս նոր Թվինինգ ծրագրի մեկնարկի մասին հայտարարել Սպիտակի երկրաշարժի հիշատակման օրը. «Մենք բարձր ենք գնահատում Հայաստանում դիմակայունության ամրապնդման և պատրաստվածության բարձրացման ուղղությամբ այս համագործակցության հնարավորությունը մեր շվեդ և լիտվացի գործընկերների հետ»,-նշել է գնդապետը։

Ծրագրի տևողությունը երկու տարի է։ Այն բաղկացած է երեք հիմնական բաղադրիչներից.

• Բնակչության պաշտպանության իրավական և օրենսդրական շրջանակի բարելավում
• Բնակչության պաշտպանության համապարփակ համակարգի արդյունավետության բարելավում
• Կարողությունների զարգացում՝ մարդկային ռեսուրսների կառավարման արդյունավետությունը և զարգացումը ապահովելու համար։

 

Լրահոս

Դիտել ավելին