Կարևոր իրադարձություններ

Նպատակը հստակ է՝ ապրեցնել Արցախը. Մանե Թանդիլյան

07 Դեկտեմբեր, 2020 13:31
Հեղինակ՝ Մանե Թանդիլյան
Նպատակը հստակ է՝ ապրեցնել Արցախը. Մանե Թանդիլյան
Արցախի Հանրապետության Աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ 
 
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Մեզ պարտադրված ծանր փորձությունը փոխեց բոլորիս կյանքն ու կենսակերպը: Դաժան պատերազմի հետևանքները վերացնելու գործընթացում ներդրում ունենալու, արցախցիներին իմ կարողությունների չափով օգտակար լինելու համար ստանձնել եմ Արցախի Հանրապետության Աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարի պաշտոնը։
Նպատակը հստակ է՝ ապրեցնել Արցախը։
Պատերազմից հետո, ամենադժվար և ծանր ժամանակահատվածում ինձ է վստահվել ղեկավարել բարդ, միևնույն ժամանակ հետաքրքիր և բազմաշերտ ոլորտներից մեկը։
Վստահաբար գիտակցում եմ, թե ինչպիսի պարտավորեցնող աշխատանք է վերապահված, թե ինչ լրջագույն ու ծայրահեղ դժվար ճանապարհ ունենք անցնելու, որի համար մեծ ջանք ու ներդրում է պահանջվում։
Հստակ է մեկ սկզբունք՝ մեծ պատասխանատվությամբ և արժանապատվորեն հաղթահարել խորդուբորդ ճանապարհները։ Միանշանակ, ապահով երկրի երաշխիքը բարեկեցիկ և առողջ հասարակություն ունենալն է։ Սա կայացման բարդ, բայց իրական ճանապարհն է։
Ոլորտում առկա բազմաթիվ խնդիրները մարտահրավեր են, և թեև նախարարության գործունեության դաշտն ընդգրկուն է և առնչվում է մեր հայրենակիցների կենսական խնդիրներին, ինձ համար սոցիալական ոլորտի ցանկացած շահառու հանդիսանում է անհատ՝ իր բարեկեցության և երջանկության ակնկալիքով: Յուրաքանչյուր քայլի, յուրաքանչյուր նախաձեռնության հիմքում մարդն է՝ որպես բարձրագույն արժեք:
Հետևաբար, վերապահված առաքելությունը պատրաստակամ եմ առաջնորդել մեծ պատասխանատվությամբ՝ նպատակ ունենալով նպաստել ոլորտում փոփոխությունների իրականացմանը ի շահ Արցախում ապրող քաղաքացիների բարեկեցության։
Սիրելի՛ հայրենակիցներ մեր հազարավոր տղաների արյամբ սրբացած այս հողի պահպանման և նույնչափ քաջարի՝ տուն դարձող մեր քաղաքացիների՝ սոցիալապես ապահով, պաշտպանված և անվտանգ կենցաղը հաջողելու գործում անելիք ունի յուրաքանչյուր գիտակից և կարող հայ։
Յուրաքանչյուր կորցրած տարին, ամիսը, օրը դառնում է անդառնալի՝ ապագայի մեր տեսլականի կայացման հարցում։ Մենք պետք է մեր ներկան վերափոխենք որպես ապագա կերտելու ճանապարհ՝ դադարելով ապրել անցյալի քննարկումներում և մեղավորների փնտրտուքում։ Հակառակ պարագայում, մեր ամեն օրը դառնում է անցյալ՝ նորանոր խնդիրներով։
Պետք է անենք առավելագույնը մեր հայրենիքի և ապագա սերունդների համար։ Բոլոր խոսքերի փոխարեն՝ նախընտրելով գործով լծվել այդ առաքելությանը։
Ապրելու է Արցախը…
Հարգանքով՝
Արցախի Հանրապետության Աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար
Մանե Թանդիլյան»

 

Լրահոս

Դիտել ավելին