Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցությունը պատվիրակություն կգործուղի Լեռնային Ղարաբաղ

06 Դեկտեմբեր, 2020 12:51
Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցությունը պատվիրակություն կգործուղի Լեռնային Ղարաբաղ

Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցությունը դեկտեմբերի 6-ից 9-ը պատվիրակություն կգործուղի Լեռնային Ղարաբաղ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի գրասենյակից,  

«Սոցիալիստական կուսակցության (Parti Socialiste, PS) պատվիրակությունը, առաջին քարտուղար Օլիվյե Ֆորեի գլխավորությամբ, դեկտեմբերի 6-ից 9-ը կայցելի Լեռնային Ղարաբաղ՝ «այս հակամարտության պատճառած ցավը կիսելու» և դրա «լուծումները վերլուծելու» նպատակով, նշված է Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ուրբաթօրյա մամուլի հաղորդագրությունում:

«Ի նշան հայ ժողովրդի հետ մեր համերաշխության, ինչպես նաև ի լրումն Ազգային գրասենյակի նոյեմբերի 17-ի հռչակագրի, Սոցիալիստական կուսակցությունը դեկտեմբերի 6-ից 9-ը պատվիրակություն կգործուղի Լեռնային Ղարաբաղի վիճահարույց տարածաշրջան», - ասված է հայտարարության մեջ:

Ըստ Սոցիալիստական կուսակցության, «այս ներկայության նպատակն է՝ ոչ միայն կիսել այս հակամարտության պատճառած ցավը, այնպես էլ վերլուծել դրա լուծման և տարածաշրջանում տևական խաղաղության համար անհրաժեշտ բազմակողմ լուծումները»:

Այս ուղևորության օրակարգով նախատեսված են հանդիպումներ Արցախի և Հայաստանի իշխանությունների, ինչպես, օրինակ, Հայաստանի Հանրապետության Նախագահի, Արցախի Նախագահի, Խորհրդարանի նախագահի, Արտաքին գործերի նախարարության և Օմբուդսմենի հետ: Պատվիրակությունը կհանդիպի նաև Հայաստանում և Արցախում գտնվող տեղահանված ընտանիքների հետ։

Նոյեմբերի 17-ին Սոցիալիստական կուսակցության քաղաքական բյուրոն «Մինսկի խմբի համանախագահ երկրներին (Ֆրանսիային, Միացյալ Նահանգներին և Ռուսաստանին) կոչ է արել՝ դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին՝ ձևավորելու միջազգային հետաքննող հանձնաժողով՝ քննելու համար պատերազմական հանցագործությունները և մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, որոնք կարող էին կատարված լինել «ադրբեջանցի զինյալների կողմից»»:

Պատվիրակության կազմում կընդգրկվեն Սոցիալիստական կուսակցության առաջին քարտուղար Օլիվյե Ֆորեն, Միջազգային հարցերի հարցերով ազգային քարտուղարը, Խորհրդարանի անդամ Իզաբել Սանտիգոն, Սենատորներ Մարի-Արլետ Կարլոտտին և Ժիլբեր-Լյուկ Դեվինան»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին