Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    520

  • EUR

    624,5
    636,5

  • RUB

    6,83
    7,09

Կարևոր իրադարձություններ

Մարդիկ ունեն որոշակի վախեր, որ թշնամին կարող է ոտնձգել իրենց բնակավայրերին. Էդմոն Մարուքյան

05 Դեկտեմբեր, 2020 11:38
Հեղինակ՝ Էդմոն Մարքույան
Մարդիկ ունեն որոշակի վախեր, որ թշնամին կարող է ոտնձգել իրենց բնակավայրերին. Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մարզերում բնակվող մեր հայրենակիցների հետ շփումների արդյունքում հասկացել ենք, որ մարդիկ ունեն որոշակի վախեր, որ թշնամին կարող է ոտնձգել իրենց բնակավայրերին, քանի որ սահմանն անցնում է արդեն նրանց համայնքներին շատ մոտ։

Ցանկանում եմ տեղեկացնել, որ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է միևնույն անվտանգային գոտում, ինչ Ռուսաստանի Դաշնությունը՝ ներքոհիշյալ ռազմաքաղաքական իրավապայմանագրային բազայի գործողության պայմաններում.
- 1992թ. մայիսի 15-ին ստորագրվել է Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը։ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է ՀԱՊԿ հիմնադիր-անդամ։ Հայաստանի տարածքի վրա հարձակումը հավասարազոր է ողջ ՀԱՊԿ նկատմամբ հարձակման, քանի որ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի ուժով՝ Պայմանագրի անդամ պետություններից որևէ մեկի ագրեսիայի ենթարկվելու դեպքում (անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանն սպառնացող զինված հարձակում)՝ դա մասնակից պետությունների կողմից դիտարկվում է որպես ագրեսիա (անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանն սպառնացող զինված հարձակում) պայմանագրի մասնակից բոլոր պետությունների նկատմամբ՝ համապատասխան ռազմաքաղաքական հետևանքներով։
- 1992թ. սեպտեմբերի 30-ին կնքվել է ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին պայմանագիր, որով
 
Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչությունը հայ սահմանապահների հետ համատեղ իրականացնում է Իրանի և Թուրքիայի հետ պետական սահմանի պաշտպանությունը։
- 1997թ. օգոստոսի 29-ին կնքվել է ՀՀ և ՌԴ միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագիր, որն ուժի մեջ է 1998թ. նոյեմբերի 05-ից։
- 2000 թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ և ՌԴ միջև կնքվել է «ՀՀ և ՌԴ միջև համատեղ անվտանգության ապահովման նպատակով զորքերի (ուժերի) կիրառման համատեղ պլանավորման հարցերի մասին» համաձայնագիր, որն ուժի մեջ է 2000թ. դեկտեմբերի 19-ից։
- 2016թ. նոյեմբերի 30-ին Մոսկվայում ՀԱՊԿ պայմանագրի հիման վրա՝ ՀՀ և ՌԴ միջև ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) Միացյալ խմբավորման մասին համաձայնագիր է կնքվել, որը վավերացվել է ՌԴ կողմից՝ 2017թ. հուլիսի 19-ին, ՀՀ կողմից՝ 2017թ. հոկտեմբերի 05-ին։ Այն ևս գործում է։
- 2015թ. դեկտեմբերի 23-ին ՀՀ և ՌԴ միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիր է կնքվել, որն ուժի մեջ է 2017թ. հունվարի 11-ից։
 
Այսինքն՝ ՀՀ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքի նկատմամբ զինված հարձակումը հավասարեցված է ՌԴ ցանկացած քաղաքի նկատմամբ զինված հարձակմանը և այս իրավական հիմքերի առկայության պայմաններում պետք է առաջացնի միևնույն ռազմաքաղաքական հետևանքները։
 
Ամեն դեպքում, կարծում եմ, որ մեզ անհրաժեշտ է թարմացնել մեր իրավապայմանագրային հենքը՝ կնքելով նոր անվտանգային բնույթի պայմանագիր ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության հետ։
 
Ու սա նաև կփարատի ՀՀ քաղաքացիների վերոնշյալ մտավախությունները՝ մեր տարածքի անվտանգության վերաբերյալ»։

Լրահոս

Դիտել ավելին