Կարևոր իրադարձություններ

Արմեն Սարգսյանն ընդունել է Արման Թաթոյանին

03 Դեկտեմբեր, 2020 17:35
Արմեն Սարգսյանն ընդունել է Արման Թաթոյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից գերեվարված հայ ռազմագերիների ու պատանդ վերցված քաղաքացիական անձանց ճակատագրին և նրանց վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող քայլերին:

Մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացրել է իր գրասենյակի կողմից իրականացվող գործողությունների, ինչպես միջազգային գործընկերների հետ ունեցած քննարկումների մասին:

Նախագահը նշել է, որ Հայաստանի և Արցախի իշխանությունների, հատկապես պատկան մարմինների առաջնային պատասխանատվությունն ու պարտականությունն է ձեռնարկել բոլոր միջոցները, գործի դնել բոլոր կապերը՝ բռնի անազատության մեջ գտնվող, թշնամու կողմից վայրագությունների ենթարկվող և անմարդկային վերաբերմունքի արժանացող մեր հայրենակիցներին անհապաղ հայրենիք վերադարձնելու, ինչպես նաև անհայտ կորածների ճակատագիրը պարզելու համար: Նախագահն ասել է, որ կրակի դադարեցման եռակողմ հայտարարությունից հետո միջազգային գործընկերների առջև բազմիցս բարձրացրել է հումանիտար իրավունքի անվերապահ պահպանման, ռազմագերիների անհապաղ վերադարձման խնդիրը: Նա ընդգծել է, որ շարունակելու է այդ ուղղությամբ ջանքեր գործադրել և օգտագործել իր բոլոր հնարավորություները:

Արման Թաթոյանը նշել է, որ կոչով դիմել է նաև միջազգային հանրությանը, և հատկապես մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող կառույցներին՝ հրատապ քայլերով աջակցելու խնդրի լուծմանը:

Հանդիպմանը հույս է հայտնվել, որ հայ ռազմագերիների ու պատանդ վերցված քաղաքացիական անձանց հարցը հնարավորինս արագ կլուծվի, և նրանք կվերադառնան հայրենիք: 

 

Լրահոս

Դիտել ավելին