Կարևոր իրադարձություններ

ԱԱԾ-ն հերքում է իր աշխատակիցների կողմից համակարգը զանգվածաբար լքելու մասին լուրերը

03 Դեկտեմբեր, 2020 15:48
ԱԱԾ-ն հերքում է իր աշխատակիցների կողմից համակարգը զանգվածաբար լքելու մասին լուրերը

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պարզաբանում է տարածել իր նախկին աշխատակցի ֆեյսբուքյան գրառման և դրա հիման վրա մամուլի տարբեր հրապարակումների վերաբերյալ՝ հերքելով ԱԱԾ աշխատակիցների՝ համակարգը զանգվածաբար լքելու մասին լուրերը։

Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորեւ․

www. facebook.com սոցիալական ցանցի անձնական էջում ՀՀ ԱԱԾ նախկին աշխատակից Գրիգորի Թավադյանի հայտարարության հիման վրա պատրաստված և նույն այդ հայտարարության մեջ նշված դրդապատճառներով ԱԱԾ աշխատակիցների՝ համակարգը զանգվածաբար լքելուն վերաբերող հրապարակումներն ու շահարկումներն իրականությանը չեն համապատասխանում:

Ավելին, անգամ հիշյալ հայտարարության հեղինակ-նախկին աշխատակցի ծառայողական պարտականությունները դադարեցվել են՝ հիմք ընդունելով նրա նոյեմբերի 16-ին  զեկուցագիրը, որում նա բառացիորեն շարադրել է հետևյալը «Խնդրում եմ իմ դիմումի համաձայն, ինձ ազատ արձակել զինվորական ծառայությունից, այլ աշխատանքի անցնելու նպատակով»:

Կրկին հերքելով ՀՀ ԱԱԾ աշխատակիցների՝ համակարգը զանգվածաբար լքելու վերաբերյալ ստահոդ լուրերը՝ միաժամանակ տեղեկացնում ենք, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ից մինչ այս պահն ընդամենը 5 աշխատակիցներ աշխատանքից ազատվել են սահմանված տարիքը լրանալու կապակցությամբ, 3 աշխատակիցներ՝ այլ աշխատանքի անցնելու հիմքով, ինչպես նաև դադարեցվել են Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած պատերազմական գործողություններում հավերժ հերոսացած գործընկերների ծառայողական պարտականությունները:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ զանգվածային լրատվության միջոցների մեր հարգարժան գործընկերներին խնդրում ենք զերծ մնալ չճշտված տեղեկություններ հրապարակելուց և վերջիններիս ներառմամբ տարաբնույթ մեկնաբանություններ կատարելուց:

 

Լրահոս

Դիտել ավելին