ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ «Երևանյան կրկես» ՍՊԸ նկատմամբ հաշվարկված 7.2 մլն դրամի չափով տուգանքը ներվել է, ինչպես նաեւ հաստատվել է նույն ընկերության ներդրումների նոր ծավալը:
Աշխատանքային պայմանագրերի չկնքման արդյունքում ընկերության նկատմամբ հաշվարկված 7.2 մլն դրամի չափով տուգանքը ներվել է, իսկ նոր ներդրումները կկազմեն 3 մլրդ դրամ:
Նախատեսված է շինարարական աշխատանքներն ամբողջությամբ ավարտել 2021 թվականի դեկտեմբերի 31-ին, իսկ ներդրումների ընդհանուր ծավալը պետք է կազմի 6 մլրդ դրամ։
Շինարարական աշխատանքների ավարտից հետո 1 տարվա ընթացքում ընկերությունը պետք է աշխատանքային պայմանագրեր կնքի թվով 30 աշխատակիցների հետ՝ այն կնքելու պահին «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափով»,- ասվում է որոշման մեջ:
2018 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ընկերության կողմից արդեն իսկ կատարվել է մոտ 3 մլրդ դրամի ներդրում, այսինքն մինչեւ 2021-ի ավարտը մնում է կատարելու նույնչափ ներդրում։