Կարևոր իրադարձություններ

Դիրքեր ենք վերցնում, հաղթելու ենք. պատերազմում հերոսաբար զոհվեց 19-ամյա Ալբերտ Խաչատրյանը

02 Դեկտեմբեր, 2020 16:00
Դիրքեր ենք վերցնում, հաղթելու ենք. պատերազմում հերոսաբար զոհվեց 19-ամյա Ալբերտ Խաչատրյանը
Արցախա-ադրբեջանական պատերազմում հազարավոր զինվորներ զոհվեցին:
Ալբերտ Աշոտի Խաչատրյանն (ծնվ. 2001թ.) այն հազարավոր զինծառայողներից էր, որը չխնայեց կյանքն ու զոհվեց հանուն հայրենիքի:
 
2018 թ.-ի հուլիսի 24-ին Ալբերտը զորակոչվել էր հայկական բանակ, ծառայության անցել Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի N զորամասում:
 
«Դեպքի օրը իրենք մնացել են առանց հրամանատարի: 7 զինծառայակիցներն ու Ալբերտը դիրքում մնացել են միայնակ, երբ առաջարկել են նահանջել, Ալբերտը չի համաձայնվել: Ասել է՝ եկեք մնանք ու կռվենք: Հոկտեմբերի 24-ի գիշերը թեժ մարտեր են ընթացել, դիվերսիոն խմբեր են եղել անտառներում, երբ հասկացել են, որ անհավասար մարտեր են ընթանում, Ալբերտն ու ընկերը բարձրացել են սարը, որպեսզի կրակ բացեն, իսկ ընկերները նահանջեն, որ հետո նույն ձևով իրենք հետ գնան, բայց այդ ընթացքում Աբոն հայտնվել է թշնամու դիպուկահարի նշանառության տակ ու զոհվել»,- Shabat.am-ին պատմեց Ալբերտի մորաքրոջ դուստրը: 
 
Ալբերտը 29 օր պայքարել է, կռվել պատերազմում: Ընտանիքի անդամներին միշտ զանգահարել է ու ասել, որ ամեն ինչ լավ է լինելու:
 
«Պատերազմի այդ ծանր օրերին անընդհատ կապի մեջ է եղել ընտանիքի անդամների հետ: Ասել է՝ ամեն ինչ լավ է, դիրքեր ենք վերցնում, հաղթանակը մոտ է: Ոչ ոք չէր մտածի, որ նման ավարտ կլինի: Զոհվելու նախորդ օրը սովորականից ուշ ժամի է զանգահարել, մորն ասել է, որ ամեն ինչ նորմալ է, ձեզ լավ նայեք: Մենք կհաղթենք: Հաջորդ օրը ընտանիքի անդամներն իմացել են, որ Ալբերտը զոհվել է »,- ասաց նա:
 
Ավագ դպրոցն ավարտելուց հետո Ալբերտ Խաչատրյանն ընդունվել էր Հայաստանի Ագրարային համալսարանի պետական քոլեջ, այնուհետև տեղափոխվել էր համալսարան:
Ալբերտը պետք է շարունակեր բարձագույն ուսումը, բայց պատերազմը խաթարեց երիտասարդի բոլոր նպատակներն ու երազանքները:
 
 Ալբերտի պապը՝ Ալբերտ Խաչատրյանը մասնակցել է Արցախյան պատերազմին և  1995թ.-ին չփայթած արկի պատճառով զոհվել: Խաչատրյանների տանը հիմա երկու անմահ հերոս կա:
 
Երկու հերոսների մարմինները ամփոփված են Եռաբլուր զինվորական պանթեոնում: 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին