Կարևոր իրադարձություններ

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց գիտական նպատակներով թմրամիջոցների օգտագործումը թույլատրող փաթեթին

02 Դեկտեմբեր, 2020 15:51
ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց գիտական նպատակներով թմրամիջոցների օգտագործումը թույլատրող փաթեթին

Դեկտեմբերի 2-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցող ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ նախատեսվում է թույլատրել թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործումը գիտական ու ուսումնական նպատակներով եւ փորձագիտական գործունեության ընթացքում՝ համապատասխան լիցենզիայի առկայութան պարագայում: Ըստ փոխնախարարի՝ նախատեսվում է, որ համապատասխան լիցենզիայի տեսակով լիցենզավորվելուց հետո փորձագիտական եւ գիտաուսումնական կենտրոնները հնարավորություն կունենան ապահովել խիստ հսկվող նյութերի շրջանառությունը:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանի ներկայացմամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Նախաձեռնության ընդունումը պայմանավորված է ՄԻԱՎ վարակով ապրող անձանց իրավունքները պաշտպանելու, առկա օրենսդրական բացերը լրացնելու, ոլորտը կարգավորող օրենսդրությունը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային մի շարք սկզբունքներին եւ մոտեցումներին համապատասխանեցնելու, ՄԻԱՎ-ի կանխարգելման եւ բուժման ծառայությունների առավելագույն հասանելիություն ապահովելու եւ, այդպիսով, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ոլորտում առկա մարտահրավերներին էլ ավելի արդյունավետ արձագանքելու անհրաժեշտությամբ:

Պատգամավորները նախաձեռնության վերաբերյալ ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները:

Քննարկված օրենսդրական փաթեթներն արժանացել են հանձնաժողովի հավանությանը:

 

Լրահոս

Դիտել ավելին