Կարևոր իրադարձություններ

Լավրովը ԼՂ-ում զոհվածների մարմինների և ռազմագերիների փոխանակման միտումնավոր ձգձգում չի տեսնում

01 Դեկտեմբեր, 2020 19:28
Լավրովը ԼՂ-ում զոհվածների մարմինների և ռազմագերիների փոխանակման միտումնավոր ձգձգում չի տեսնում

Մոսկվան Ղարաբաղում զոհվածների մարմինների ու ռազմագերիների փոխանակման գործընթացի միտումնավոր ձգձգում չի տեսնում: Այս մասին ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների հանդիպման ընթացքում ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, գրում է РИА Новости-ն։

«Դժվար է ասել այդ գործընթացի ձգձգմանն ուղղված որևէ միտումնավոր քայլի մասին: Մենք նման բան չենք տեսնում, բայց այն, որ կան օբյեկտիվ բարդություններ, որոնք հույս ունեմ, որ արագ կլուծվեն, դա փաստ է»,- ասել է Լավրովը:

Նա հավելել է, որ տեղանքի աշխարհագրությունը և այն, թե ինչպես են զարգացել ռազմական գործողությունները, դժվարեցնում են արագ լուծել այս հարցը, մանավանդ այն դեպքում, երբ չկան անհետ կորած համարվող անձանց կոնկրետ ցուցակներ:

«Հուսանք, որ միջազգային պրոֆիլային կառույցի (ԿԽՄԿ) մասնագետների ներգրավմամբ գործն ավելի արագ կընթանա։ Մեր խաղաղապահներն իրենց հնարավորությունների չափով, իհարկե, աջակցություն կցուցաբերեն», - հավելել է նախարարը։

 

Լրահոս

Դիտել ավելին