Կարևոր իրադարձություններ

Որքան էլ Տեր-Պետրոսյանի ոչ պաշտոնական խոսնակ լրատվամիջոցը փորձի նման տեքստերով հակառակը «հուշել», իրողությունը դրանից չի փոխվի․ Վահագն Ալեքսանյան

01 Դեկտեմբեր, 2020 18:50
Հեղինակ՝ Վահագն Ալեքսանյան
Որքան էլ Տեր-Պետրոսյանի ոչ պաշտոնական խոսնակ լրատվամիջոցը փորձի նման տեքստերով հակառակը «հուշել», իրողությունը դրանից չի փոխվի․ Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Քիչ առաջ արածս գրառումը երևի պարզաբանման կարիք ունի։

Այսօր ilur.am -ի կողմից (լրատվականը համարվում է Տեր-Պետրոսյանի ոչ պաշտոնական խոսնակը) տարածվել էր Տեր-Պետրոսյանի չհրապարակված հայտարարությունը։ Հայտարարությունը երևի պիտի հրապարակվեր հոկտեմբերի 19-ին կամ 20-ին։

«Ղարաբաղ» կոմիտեն, ՀՀՇ-ն և Հայաստանի հետագա բոլոր իշխանությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ոչ մի քայլ չեն արել առանց Լեռնային Ղարաբաղի ղեկավարության համաձայնության: Այնպես որ Հայաստանի ներկայիս իշխանությունները չեն կարող, ավելին` իրավունք չունեն անտեսելու Արցախի իշխանությունների պահանջը. Լևոն Տեր-Պետրոսյան»։

Մի փոքր ներածություն․

Նոյեմբերի 29-ին վարչապետը իր էջում գրել էր․

«Հոկտեմբերի 19-ին ինձ զանգահարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը եւ ասաց, որ պետք է կանգնեցնել պատերազմը: Ասաց նաեւ, որ այս տեսակետը փոխանցում է ոչ միայն իր, այլեւ ԼՂՀ պաշտոնաթող նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, նաեւ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի անունից․․․»։ Հաջորդող տեքստում ասվում է, որ այս զանգից հետո վարչապետը կապվել է ՌԴ նախագահի հետ և ասել, որ պատրաստ է դադարեցնել պատերազմը, ՌԴ նախագահի հետ զրույցի վերջնարդյունքում խաղաղության պայմանը եղել է «կարգավիճակի հարցի հետաձգում, շրջանների հանձնում, ռուս խաղաղապահների տեղակայում, խաղաղապահները պետք է տեղակայվեին նախկին ԼՂԻՄ սահմանի երկայնքով եւ Լաչինի միջանցքով»։ Այս տարբեակը ընդունել է նաև Արցախի նախագահը։ (Հեղ․ Ենթադրաբար հենց այս տարբերակին աջակցելուն էր ուղղված Լևոն Տեր-Պետրոսյանի չհրապարակված հայտարարությունը, ենթադրաբար հենց այս տարբերակին աջակցող հայտարարություն պիտի ստորագրեին բոլոր նախկին նախագահները) :

Վարչապետը շարունակում է․ «Հաջորդ օրը ՌԴ նախագահը պայմանավորվածության համաձայն զանգեց: Ասաց, որ Ալիեւը համաձայն է, բայց խաղաղապահները ոչ թե ԼՂԻՄ սահմաններով պետք է տեղակայվեն, այլ քանի որ Հադրութն ու Թալիշը իրենց հսկողության տակ են, ադրբեջանցիները համաձայն չեն այդ բնագծերից ետ գնալ եւ նախկին ԼՂԻՄ տարածքում պետք է խաղաղապահներ տեղակայվեն ըստ փաստացի շփման գծի:

Նաեւ՝ պետք է հայկական կողմը պարտավորություն վերցնի, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան Շուշի: Այսպես՝ հրադադարը դարձավ անհնարին, որովհետեւ ասացի, որ եթե անգամ Հադրութի հարցով համաձայնեմ, չեմ պատկերացնում Շուշին Ադրբեջանին հանձնելու հնարավորությունը: ՌԴ նախագահը զարմացավ, թե ինչու՞ եմ դեմ ադրբեջանցիների՝ Շուշի վերադառնալու տարբերակին: Երբ ներկայացրի փաստարկներս՝ ասաց, որ տրամաբանական է եւ ինքը լավ տեղեկացված չէր որոշ նրբությունների: Խնդիրն այն էր, որ այդ պարագայում Շուշին 90 եւ ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն պետք է ունենար, ովքեր պիտի վերահսկեին դեպի Ստեփանակերտ ճանապարհը:

Համոզված եմ, որ եթե համաձայնեի Շուշին հանձնելու տարբերակին, Ադրբեջանը նոր պայման էր դնելու՝ Կարմիր Շուկա-Շուշի ավտոճանապարհը իրենց հսկողության տակ պիտի լինի»։

Այսինքն՝ խաղաղության այն տարբերակը, ի սատարումն որի Տեր-Պետրոսյանը հայտարարություն էր պատրաստել և ի սատարումն որի նախկին նախագահները պիտի հայտարարություն ստորագրեին ու ըստ ilur-ի ՝ «դրանով փրկեին Փաշինյանի դեմքը» այլևս քննարկման առարկա չէր հոկտեմբերի 20-ի դրությամբ։ Քննարկման առարկա չէր, որովհետև Ալիևը մերժել էր այն։

Մի անգամ էլ հստակ գրեմ․ հոկտեմբերի 19-ին Փաշինյանը համաձայնել է շրջանների զիջմանը, ԼՂԻՄ սահմանագծով և Լաչինի միջանցքով խաղապահների տեղակայմանը, դա մերժել է Ալիևը՝ առաջ բերելով նոր պայմաններ։

Որքան էլ Տեր-Պետրոսյանի ոչ պաշտոնական խոսնակ լրատվամիջոցը փորձի «Հիշեցնենք, որ այս ամենը տեղի է ունեցել սույն թվականի հոկտեմբերի 19-ին, երբ դեռ պատերազմի վիճակը կատաստրոֆիկ չէր, և եթե այդ պահին կրակը դադարեցվեր, հայկական կողմը կխուսափեր հազարավոր նոր զոհերից և տարածքային հետագա կորուստներից» ու այլ նման տեքստերով հակառակը «հուշել», իրողությունը դրանից չի փոխվի ու կմնանք այն փաստի առաջ, որ այս պարագայում Տեր-Պետրոսյանի հանդիմանանքը՝ երեք նախկին նախագահների հայտարարությունը չհրապարակելու մասով, բնավ էական չէ, քանի որ այդ հայտարարությունը պիտի սատարեր մի կարգավորման, որն արդեն մերժված էր Ալիևի կողմից։

Հ․Գ․ Սովորաբար հետաքրքրությամբ եմ նայում պարոն Զուրաբյանի կայքի (խոսքն ilur-ի մասին չէ) հրապարակումները, երևի քաղաքական գրոտեսկի եզակի հարթակներից է, որտեղ վուլգար վիզուալիզացիան սովորաբար չի գերակշռում կծու ու հնարամիտ բովանդակությանը։ Սովորաբար, բայց ոչ երեկ։ Ակնհայտ էր, որ գրված էր ոտքի վրա ու շեշտն էլ վուլգար վիզուալ մասի վրա էր։ Հատուկ այդ թերթի խմբագրության համար երկու տողով պարզաբանեմ նաև երեկվա գրառումս՝ հենց հետգրության մեջ․ «չկարողացավ լինել նախագահ» արտահայտությունը վերաբերվում էր Տեր-Պետրոսյանի նախագահության մայրամուտին՝ հրաժարականին։ Եթե թերթի հարգելի խմբագրությունը կարծում է, որ հնարավոր է ծաղրանկարով ու ակնհայտ վատ տեքստով փոխել Տեր-Պետրոսյանի հրաժարականի փաստը, ցավում եմ։ Հենց Տեր-Պետրոսյանը իր հարցազրույցներում նշել է, որ հրաժարական է տվել իր ԵՆԹԱԿԱՆԵՐԻ պնդմամբ։ Ներեցեք, բայց այդ դրվագի մասին իմ կարծիքը կմնա անփոփոխ․ եթե նախագահը ենթարկվում է ենթականերին, ապա նա այլևս նախագահ չէ և այդ փաստը արձանագրել է հենց Տեր-Պետրոսյանը՝ իր հրաժարականի փաստով։

Հ․Գ․ 2․ Ի լուր ilur.am-ի․ ես ՔՊ խոսնակը չեմ, հանրային կապերի համակարգողն եմ։ Երբեք ոչ ես, ոչ ՔՊ վարչությունը ինձ որպես ՔՊ խոսնակ չենք ներկայացրել։ Վստահ եմ՝ խմբագրություններում կհասկանան գործառույթային տարբերությունները ու հուսով եմ՝ հանրությանը մատուցվող մնացյալ ինֆորմացիայի մասով ավելի ուշադիր են»։

 

Լրահոս

Դիտել ավելին