Կարևոր իրադարձություններ

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում քննարկել է «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը

01 Դեկտեմբեր, 2020 17:38
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում քննարկել է «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը

ԱԺ-ից տեղեկացնում են, որ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն Արկադի Խաչատրյանի նախագահությամբ դեկտեմբերի 1-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Եղիշե Սողոմոնյանի, Արտակ Մանուկյանի, Տիգրան Ուլիխանյանի, Վարդան Աթաբեկյանի, Համազասպ Դանիելյանի, Երջանիկ Հակոբյանի հեղինակած «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով Հաշվեքննիչ պալատի անդամ, ներառյալ` պալատի նախագահ, կարող է ընտրվել Ազգային ժողովի պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող, բարձրագույն կրթություն եւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով աուդիտորի որակավորում ունեցող այն անձը, ով ունի աուդիտորի նվազագույնը հինգ տարվա աշխատանքային ստաժ:

Հիմնական զեկուցող Եղիշե Սողոմոնյանը, շեշտադրելով նախագծի կարևորությունը, գործընկերներին կոչ է արել կողմ քվեարկել:

ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանի հավաստմամբ՝ օրինագիծը գործող օրենքի համեմատ մեկ քայլ առաջ է, սակայն կան խնդիրներ, որոնք իրենց լուծումը կստանան առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:

Քննարկման արդյունքում օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն Ազգային ժողովի յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվելու համար:

Հանձնաժողովականները քննարկել են նաեւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի՝ Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված Դավիթ Նահապետյանի թեկնածության եւ Ազգային ժողովին այդ պաշտոնին թեկնածու առաջարկելու վերաբերյալ» հարցը: ԱԺ պատգամավոր Եղիշե Սողոմոնյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրական տվյալները, կարեւորել նրա մասնագիտական հմտությունները: Դավիթ Նահապետյանը տնտեսագիության թեկնածու է, մի շարք գիտական աշխատությունների հեղինակ:

Հանձնաժողովականները կողմ են քվեարկել նրա թեկնածությանը:

ԱԺ պատգամավորներ Արտակ Մանուկյանի եւ Բաբկեն Թունյանի հեղինակած «Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթի քննարկումը հետաձգվել է մինչեւ երկու ամիս ժամկետով:

Ի գիտություն է ընդունվել ԱԺ բյուջետային գրասենյակի հաշվետվությունը՝ 2020 թվականի երրորդ եռամսյակում կատարած աշխատանքների վերաբերյալ: Բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ Գագիկ Բարսեղյանի հավաստմամբ՝ իրականացվել են նախատեսված ծրագրերը:

 

Լրահոս

Դիտել ավելին