Կարևոր իրադարձություններ

Ովքեր Արցախում պաշտոններ կստանան. «Ժողովուրդ»

01 Դեկտեմբեր, 2020 08:24
Ովքեր Արցախում պաշտոններ կստանան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Դեռեւս նոյեմբերի 10-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել ենք պատերազմական գործողությունների դադարեցմանն ուղղված մեր անելիքները: Նախօրոք քննարկումներ եմ ունեցել նաեւ ԱՀ Ազգային ժողովի հետ եւ ստացել պատգամավորների գերակշիռ մեծամասնության համաձայնությունը:

Հաշվի առնելով ներկա ծանրագույն վիճակը եւ խուսափելու համար հետագա մարդկային մեծաքանակ կորուստներից եւ Արցախն ամբողջությամբ կորցնելուց՝ ես տվել եմ իմ համաձայնությունը ժամ առաջ դադարեցնելու պատերազմը»:

Այսինքն՝ Հարությունյանը մինչեւ նման որոշում կայացնելը խորհրդակցել էր Արցախի քաղաքական վերնախավի հետ, որից հետո նոր դիմել էր ՀՀ վարչապետին՝ խնդրանքով ամեն գնով դադարեցնել պատերազմը: Ու պատերազմի դադարեցումից հետո թիվ մեկ խնդիրը այսօր Արցախի վերականգնումն է, Արցախը պետք է իր մեջքն ուղղի:
Հիմա փորձենք հասկանալ՝ քաղաքական առումով ինչ տարբերություն կա ՀՀ-ի եւ Արցախի իրավիճակներում:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կոնկրետ գնում է քաղաքական լարվածության լիցքաթափման եւ միասնականության հաստատման ճանապարհով: Իսկ որո՞նք են այդ քայլերը. հանրության կողմից սիրված, չվարկաբեկված, քիչ թե շատ ընկալված մարդկանց նշանակում է պատասխանատու պաշտոնների՝ կիսելով պատասխանատվությունը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախի աշխատանքի, սոցիալական եւ բնակարանային հարցերի նախարար է նշանակվելու Մանե Թանդիլյանը։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այսօր Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը նշանակվելու է Արցախի անվտնագության խորհրդի քարտուղար՝ իր նախկին պաշտոնին։ Բացի այդ, Արցախի ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարվելու է Արթուր Թովմասյանը, որը նախագահ Հարությունյանի կուսակիցն է ու այդ պաշտոնում շուտով կնշանակվի ՀՅԴ-ական պատգամավոր, խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը: Այսինքն՝ Հարությունյանը կոնկրետ իշխանություն պահելու խնդիր իր առջեւ չի դրել, «բաժանում է» իշխանությունը, որպեսզի միասնական Արցախ կառուցի։ Արայիկ Հարությունյանն ամեն ինչ անում է սեւ-սպիտակներ, իմ ու քո-ի բաժանումը, պառակտումը Արցախում թույլ չտալու համար»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին