Կարևոր իրադարձություններ

Ոտքից վիրավոր, վատառողջ վիճակում գտնվող Հովհաննեսը շարունակել էր ծառայությունը ու չէր լքել դիրքը. Հովհաննես Հովհաննիսյանը հերոսաբար զոհվեց

30 Նոյեմբեր, 2020 17:30
Ոտքից վիրավոր, վատառողջ վիճակում գտնվող  Հովհաննեսը շարունակել էր ծառայությունը ու չէր լքել դիրքը. Հովհաննես Հովհաննիսյանը հերոսաբար զոհվեց
Արցախա-ադրբեջանական պատերազմում հարյուրավոր զինվորներ զոհվեցին հանուն հայրենիքի:
 
 
Հովհաննես Հովհաննիսյանը՝ Աշտարակի Բազմաղբյուր գյուղից էր: Դպրոցն ավարտելուց հետո, ընդամենը կես բալի պատճառով դուրս էլ մնացել ինստիտուտից: Երազում էր ծրագրավորող դառնալ, ԲՈՒՀ չընդունվելու փաստից չէր ընկճվել: 2019թ.-ին երբ զորակոչվել էր բանակ՝ ծառայության անցել Ջաբրայիլի զորամասում, իր հետ վերցրել էր նաև բոլոր տետրերը, որպեսզի ազատ ժամանակ ունենալու դեպքում աչքի անցկացներ առարկաները, ծառայությունից հետո կրկին քննություններին մասնակցելու համար:
 
 
«Մենք հորեղբայրներ ունենք, որոնց օրինակով Հովհաննեսը ևս շատ ոգևորված էր ծառայությամբ: Պատերազմի ընթացքում շատ ենք խոսել հեռախոսով: Դեպքից մեկ օր առաջ տեսազանգով ծնողներին խնդրել էր, որ տունը և բակը ցույց տան: Անընդհատ խոսում էր իր մայրիկի հետ, ասում էր՝ ամեն ինչ լավ է լինելու: Ոգևորված էր, որ ամեն ինչ լավ է լինելու, հաղթելու ենք: Հովհաննեսը ծառայության ժամանակ եղել է վարորդ: Չնայած ոտքից վիրավոր էր , վատառողջ,  բայց 60 զինծառայողի, սպայական անձնակազմին, ինչպես նաև բաց դաշտից տեղափոխել է վիրավոր ընկերոջը»,- Shabat.am-ին պատմեց Հովհաննեսի հորեղբոր աղջիկը՝ Սեդա Հովհաննիսյանը:
 
Հովհաննեսը մի քանի անգամ փրկվել էր մահից, բայց այս անգամ նրա հետ կապը հավերժ ընդհատվեց: Հոկտեմբերի 28-ից նա այլևս չզանգահարեց ընտանիքի անդամներին:
Դիպուկահարի կրակոցը մի անգամ դիպել էր դիմացից ընթացող մեքենային, մեկ այլ անգամ՝ Հովհաննեսի կողքին գտնվողին: Հովհաննեսի հարազատները վստահ էին՝ նա կվերադառա, բայց երիտասարդին փրկել չհաջողվեց: Թշնամու անօդաչու թռչող սարքը բաց դաշտում թիրախավորել էր ապագա ծրագրավորողին: Հովհաննես Հովհաննիսյանը հերոսաբար զոհվեց՝ հանուն հայրենիքի: 
 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին