Կարևոր իրադարձություններ

ՀԽՍՀ ժողովրդական արտիս Սվետլանա Նավասարդյանն արժանացել է «Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակի

29 Նոյեմբեր, 2020 20:16
ՀԽՍՀ ժողովրդական արտիս Սվետլանա Նավասարդյանն արժանացել է «Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակի

«Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը, այս տարի Covid-19-ով պայմանավորված, անցկացվել է հեռավար։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

«Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակին է արժանացել ՀՀ ժողովրդական արտիստ, անվանի դաշնակահար Սվետլանա Նավասարդյանը: Մրցանակը հանձնել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Շնորհավորելով բոլոր դափնեկիրներին՝ նախարարի տեղակալը նշել է, որ իր համար մեծ պատիվ է «Համագործակցության աստղեր» մրցանակը հանձնել Սվետլանա Նավասարդյանին: Արա Խզմալյանը շնորհակալություն է հայտնել անվանի դաշնակահարին՝ նրա արվեստի բարձր պրոֆեսիոնալիզմի և կատարած աշխատանքի համար:

«Այս մրցանակն ավելի հեղինակավոր է դափնեկիրների շնորհիվ»,- ասել է Արա Խզմալյանը և հավելել, որ այսպիսի միջոցառումները մշտապես նպաստում են մեր երկրների միջև փոխհամագործակցությանն ու փոխըմբռնմանը, երկրների միջև հումանիտար կապերի ամրապնդմանը:

Ստանալով մրցանակը՝ Սվետլանա Նավասարդյանը ողջունել է մասնակիցներին և նշել, որ իր համար մեծ պատիվ է արժանանալ այս մրցանակին, որի նպատակը համամարդկային արժեքների հաստատումն է, որոնք անխուսափելիորեն պաշտպանում են գեղեցիկը: «Ես ուրախ եմ, որ գեղեցիկը ստեղծելու մեջ նաև իմ ներդրումն ունեմ»,-հավելել է Ս. Նավասարդյանը և բոլոր դափնեկիրներին մաղթել նորանոր ձեռքբերումներ՝ ի նպաստ մեր երկրների միջև մշակութային կապերի զարգացմանը:

«Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակը սահմանել է 2009 թվականին ԱՊՀ մասնակից պետությունների Հումանիտար համագործակցության խորհրդի և Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը:

Այն ամեն տարի շնորհվում է ԱՊՀ պետությունների ներկայացուցիչներին՝ մշակույթի և արվեստի, գիտության և կրթության, հումանիտար գործունեության բնագավառներում՝ նշանակալի ձեռքբերումների համար:

 

Լրահոս

Դիտել ավելին