Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ է տեղի ունեցել այսօր Սոթքում. Տիրան Խաչատրյանի պարզաբանումը

27 Նոյեմբեր, 2020 00:02
Ի՞նչ է տեղի ունեցել այսօր Սոթքում. Տիրան Խաչատրյանի պարզաբանումը

«Ինչպես հայտնի է, ըստ պայմանավորվածության հայկական զինված ուժերը և այդ տարածքի բնակչությունը երկարաձգված ժամկետի՝ նոյեմբերի 25-ի դրությամբ պետք է դուրս եկած լիներ Քարվաճառի շրջանից, որը համաձայն ձեռք բերված համաձայնագրի պահանջների՝ իրականացվել է։ Զորքերի վերաբերյալ աշխատանքները, որոնք իրականացվել են, իրականացվել են նախապես պլանավորված բնույթով։ Այլ մանրամասներ չեմ կարող ներկայացնել, բայց ամեն դեպքում, ամեն ինչ արվել է ըստ պայմանավորվածության և ճիշտ ժամանակացույցով»,-այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը։

«Լուրեր տարածվեցին, թե ադրբեջանցիներն անցել են հայկական տարածք, մտել են ադմինիստրատիվ կառույցներ, գրավել են, հայտարարություններ հնչեցին, թե Սոթքի ոսկու հանքավայրում այլևս ոչ մեկը չի աշխատելու: Մեր կողմից կարող է ասվել, հաստատվել, որ այդպիսի հարցեր չեն առաջացել, նման իրավիճակ չի եղել»,- ասաց Խաչատրյանը:

Խաչատրյանը հավելեց, որ հանքը շահագործող ռուսական Գեոպրոմայնինգ ընկերության կողմից նախապես ձեռնարկվել էին անվտանգային միջոցառումներ՝ տվյալ տարածքի պաշտպանության համար: 

«Պետական սահմանից հանքի եզրագծով ցանկապատվել էր, իսկ ճանապարհի վրա տեղադրվել էր անցակետ: Սա կատարվել է ռուսական կողմի ուժերով ու իրենց անվտանգության խնդիրները լուծելու պայմաններից ելնելով: Այդ խնդրի կատարման մեջ մեր Զինված ուժերը ընդգրկվածություն չի ունեցել: Ադրբեջանական զորքերը Քարվաճառի տարածք մտնելուց հետո, հանդիպելով այդ արգելափակոցներին, ուղեփակոցին, խնդիր են բարձրացրել, որ դա իրենց տարածքն է ու այդ տարածքից, այն ուժերը, որոնք պահպանություն են իրականացնում, պետք է դուրս գան։ Մեր կողմից զգուշացվել են, թե սա ինչ պատկանելություն ունի, որից հետո մեր կողմից զգուշացվել է ռուսական կողմին, որ էսպիսի պահանջներ կան: Կոնկրետ ռուսական կողմի և Ադրբեջանը ներկայացնող զինվորականների հետ իրականացվել են բավական երկար բանակցույթուններ, որից հետո՝ ինչ համաձայնություն են ձեռք բերել և հետագայում ինչպիսի զարգացում կունենա, չեմ կարող ասել, էդ պահպանման գոտուց համապատասխան անձնակազմը դուրս է եկել»,- ասաց ԳՇ պետի առաջին տեղակալը:

 

Լրահոս

Դիտել ավելին