Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    518
    523

  • EUR

    623
    637

  • RUB

    7,01
    7,27

Կարևոր իրադարձություններ

ՅՈՒՆԻՍԵՖ-ը ավելի քան 350 բեռնափոխադրող կազմակերպությունների հետ քննարկել է ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութերի մատակարարման գործընթացը

26 Նոյեմբեր, 2020 12:27
ՅՈՒՆԻՍԵՖ-ը ավելի քան 350 բեռնափոխադրող կազմակերպությունների հետ քննարկել է ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութերի մատակարարման գործընթացը

ՅՈՒՆԻՍԵՖ-ը համագործակցում է համաշխարհային խոշոր ավիաընկերությունների և բեռնափոխադրող ընկերությունների հետ՝ ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութերի հասանելի լինելուն պես դրանք աշխարհի ավելի քան 92 երկիր մատակարարելու նպատակով: Այդ մասին հայտնում են ՅՈՒՆԻՍԵՖ-ից:

Նախապատրաստական աշխատանքները սկսելու նպատակով նախորդ շաբաթ ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Համաամերիկյան առողջապահական կազմակերպությունը (PAHO) և Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան (IATA) խոշոր ավիաընկերություններին սպասվող հսկայական պահանջարկի վերաբերյալ տեղեկատվություն են տրամադրել, ինչպես նաև քննարկել 2021 թվականին ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութերի մոտ 2 միլիարդ չափաբաժինների մատակարարման հարցերը: Պատվաստանյութերից զատ անհրաժեշտ է լինելու ծովային բեռնափոխադրումների միջոցով մատակարարել ավելի քան 1 միլիարդ ներարկիչ:

«Մինչ ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութերի ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակվում են, ՅՈՒՆԻՍԵՖ-ը ջանքերն ուղղում է ավիաընկերությունների, բեռնափոխադրողների, առաքման գծերի և այլ նյութատեխնիկական ասոցիացիաների հետ տարվող աշխատանքներին` պատվաստանյութերը հնարավորինս արագ և անվտանգ տեղ հասցնելու նպատակով», - նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Մատակարարման բաժնի տնօրեն Էտլևա Կադիլլին (Etleva Kadilli). «Այս անգնահատելի համագործակցությունը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու, վստահ լինելու համար, որ մենք բավարար տրանսպորտային ներուժ ունենք այս պատմական և կարևոր աշխատանքի համար: Անհրաժեշտ է կենտրոնացնել բոլոր ուժերը՝ ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութներ, ներարկիչներ և կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում աշխատողների համար անհրաժեշտ պաշտպանիչ միջոցներ մատակարարելու համար»:

Առաջիկա շաբաթների ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ն առկա տրանսպորտային ներուժի տվյալները կվերլուծի՝ առկա բացթողումները և հետագա պահանջները բացահայտելու նպատակով: Ակնկալվում է, որ ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութերի ձեռքբերումը, մատակարարումն ու բաշխումը լինելու է երբևիցե ձեռնարկված նմանատիպ գործողություններից ամենամեծավալունն ու ամենասեղմ ժամկետներում իրականացվածը: ՅՈՒՆԻՍԵՖ-ը մեծ ջանքեր է գործադրում COVAX-ի հետ պայմանագրեր կնքած արտադրողներից պատվաստանյութեր ձեռք բերելու և մատակարարելու ուղղությամբ:

Լինելով պատվաստանյութերի ամենամեծ գնորդն աշխարհում, ՅՈՒՆԻՍԵՖ-ը 100 երկրի համար միջին հաշվով գնում է տարեկան ավելի քան 2 միլիարդ պատվաստանյութ՝ պլանային պատվաստումների և կանխարգելելի հիվանդությունների բռնկումներին արձագանքելու համար։ Այս նմանը չունեցող փորձառությունն իրենից ներկայացնում է տարատեսակ սառցային շղթա պահանջող հազարավոր բեռնափոխադրումների համակարգում՝ դարձնելով ՅՈՒՆԻՍԵՖ-ին ջերմաստիճանի վերահսկում պահանջող արտադրանքի մատակարարման ողջ շղթայի կառավարման փորձագետ, ինչը հատկապես կարևորվում է այս պատմական նախաձեռնության իրականացման առումով:

Նախորդ ամիս ՅՈՒՆԻՍԵՖ-ը սկսել է մինչև 2021 թվականը ավելի քան 1 միլիարդ ներարկիչ կուտակելու գործընթացը՝ ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութերի նախնական մատակարարումը երաշխավորելու նպատակով:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին