Կարևոր իրադարձություններ

Հայկական ԱԷԿ-ում սկսվել են ռեակտորի վերականգնողական թրծման նախապատրաստական աշխատանքները

25 Նոյեմբեր, 2020 16:54
Հայկական ԱԷԿ-ում սկսվել են ռեակտորի վերականգնողական թրծման նախապատրաստական աշխատանքները

Հայկական ԱԷԿ-ում մեկնարկել են ռեակտորի իրանի վերականգնողական թրծման նախապատրաստական աշխատանքներ: Հայկական ԱԷԿ-ի աշխատակիցները ռուսաստանյան  մասնագետների հետ միասին կհավաքեն ռեակտորի թրծման կայանքը, կկատարեն դրա համապարփակ ստուգումն, ինչպես նաև ռեակտորի կորպուսի  անհրաժեշտ հաշվարկները և նյութագիտական ուսումնասիրությունները:

Թրծման աշխատանքներն իրականացվում են «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ հետ կնքված՝ Հայկական ԱԷԿ-ի  արդիականացման և անվտանոգության մակարդակի բարձրացմանն ուղղված պայմանագրի շրջանակներում: Ռեակտորի թրծումը կմեկնարկի 2021 թվականին կայանում պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքների ընթացքում։ Այդ աշխատանքները նախատեսված է իրականացնել մայիս-հոկտեմբեր ամիսներին։ Ռեակտորի թրծման աշխատանքների կապակցությամբ ՊՆՎ-2021 կտևի սովորականից ավելի երկար՝ շուրջ 140 օր։

Ռեակտորի թրծումը համարվում է մետաղի վերականգնման ամենաարդյունավետ միջոց․ ռեակտորի իրանը թրծման կայանքի օգնությամբ տաքացվում է մինչև 475 աստիճան, պահվում այդ ջերմաստիճանում 150 ժամ, որից հետո տեղի է ունենում դանդաղ սառեցումը։ Այս գործողությունը թույլ կտա ռեակտորի մետաղի շահագործման բնութագրերը 80-ից 85 տոկոսով վերադարձնել ելակետային վիճակին, այսպիսով երկարացնել դրա շահագործմամ ժամկետը։

Թրծման աշխատանքները կացնկացվեն «Ատոմէներգորեմոնտ» ԲԸ մասնագետների մասնակցությամբ։ «Ատոմէներգորեմոնտ»-ը Ռուսաստանի ամենամեծ ընկերությունն է ատոմակայանների տեխնիկական սպասարկման, սարքավորումների վերանորոգման և արդիականացման ոլորտում։ Ընկերությունը ВВЭР տիպի ռեակտորների իրանների վերականգնողական թրծման և հետթրծման մեծ փորձ ունի։

Ռեակտորի թրծման տեխնոլոգիան առաջին անգամ կիրառվել է Նովովորոնեժյան ԱԷԿ-ում (Ռուսաստան)։ Ռեակտորի թրծումն իրականացվում է բոլոր ատոմակայաններում, որտեղ երկարաձգում են կայանի շահագործման ժամկետը: Թրծման աշխատանքներ են իրականացվել ВВЭР-440 տիպի ռեակտորիների վրա Կոլսկայա (Ռուսաստան), Ռովենսկայա (Ուկրաինա), «Կոզլոդույ» (Բուլղարիա) և «Լովիսա» (Ֆինլանդիա) ԱԷԿ-ներում:

 

Լրահոս

Դիտել ավելին