Կարևոր իրադարձություններ

Տրանսպորտային կապերի ապաշրջափակումը կփոխի զարգացման ողջ տրամաբանությունը տարածաշրջանում․ Փաշինյան

25 Նոյեմբեր, 2020 13:18
Տրանսպորտային կապերի ապաշրջափակումը կփոխի զարգացման ողջ տրամաբանությունը տարածաշրջանում․ Փաշինյան

Տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ քաղաքական համաձայնագիրը, որը պարունակվում է նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների համատեղ հայտարարության մեջ, կարող է փոխել տնտեսական ողջ իրավիճակը տարածաշրջանում, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ТАСС - Համատեղ հայտարարության մեջ խնդիր է դրված ապաշրջափակել տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում: Կարելի՞ է արդյոք սա դիտարկել որպես ելակետ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջպետական հարաբերությունների աստիճանական կարգավորման համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, դա շատ կարևոր պահ է, և ես կարծում եմ, որ մոտ ապագայում մենք պետք է կենտրոնանանք դրա վրա: Որովհետև երբ խոսում ենք տնտեսական իրավիճակի կայունացման մասին ոչ միայն Հայաստանում, այլև ողջ տարածաշրջանում, պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկենք: Ահա մենք խոսում ենք տնտեսական իրավիճակի մասին, որն ստեղծվել է Հայաստանում: Բայց պետք է արձանագրել, որ տնտեսական իրավիճակն այնքան էլ լավ չէ տարածաշրջանի բոլոր երկրներում և ողջ աշխարհում: Դա կապված է կորոնավիրուսի համավարակի հետ, այսինքն՝ դա գլոբալ խնդիր է, տարածաշրջանային խնդիր է: Իհարկե, այն քաղաքական պայմանավորվածությունը, որ կա տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման առումով, կարող է ելակետ դառնալ մեր տարածաշրջանում ոչ միայն տնտեսական իրավիճակի, այլև տնտեսական զարգացման ողջ տրամաբանության փոփոխության համար: Եվ հուսով եմ՝ մեզ կհաջողվի կյանքի կոչել այն քաղաքական պայմանավորվածությունները, որոնք արձանագրված են համատեղ հայտարարության մեջ: Մասնավորապես, նկատի ունեմ տնտեսական ենթակառուցվածքների, երկաթգծերի, ճանապարհների ապաշրջափակումը: 

 

Լրահոս

Դիտել ավելին