Մոնթե Մելքոնյանի անունը հավերժ կմնա Հայաստանի և Արցախի պատմության մեջ: Մոնթեն լավագույն հրամանատարներից մեկն էր՝ գիտեր հավասարի պես վարվել զինվորների, վեհանձն կերպով՝ գերիների հետ: Այսօր Արցախյան ազատամարտի նվիրյալի ծննդյան օրն է:
2020թվականի սեպտեմբերի 27-ին Արցախ-ադրբեջանական պատերազմում, ցավոք, հայկական կողմը ունեցավ տարածքային կորուստներ:
Նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված փաստաթղթով հաստատվեց հրադադար: Հայաստանը պարտավորվեց ի թիվս բազմաթիվ բնակավայրերի՝ Ադրբեջանին հանձնել նաև Քարվաճառը:
Ստորագրված փաստաթղթի համաձայն Հայաստանը Քարվաճառը պետք է Ադրբեջանին հանձներ նոյեմբերի 15-ին, սակայն դրա հանձնումը հետաձգվեց 1o օրով, համընկնելով՝ Մոնթե ծննդյան օրվա հետ:
1993 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ մարտ-ապրիլ ամիսներին Մոնթեի ղեկավարությամբ էր ազատագրվել Քարվաճառը:
Երեկ Հայաստանի համար փակվեցին Քարվաճառով դեպի Արցախ գնացող դարպասները:
Մոնթեն ասել է…
- Բոլոր հայերը կեղծ անձնագրեր են կրում՝ ֆրանսիական, ամերիկյան, դրանք կեղծ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ դրանք հայկական չեն:
- Եթե կորցնենք Արցախը, մենք կշրջենք հայ ժողովրդի պատմության վերջին էջը…
- Իմ նպատակն է կռվել Արցախի հաղթանակի համար, հանուն որի կյանքս ալ անգամ չեմ խնայե։
- Յուրաքանչյուր ժողովրդի հաղթանակ առաջին հերթին ազգային համախմբվածության արդյունք է, որ պիտի կառուցված լինի խելամիտ հաշվարկների վրա:
- Իրական անկախության կարելի է հասնել միայն ու միայն տնտեսական անկախության միջոցով:
- Ղեկավարի պարկեշտ պահվածքն ու ենթակային անձնական օրինակով ուղղորդելու կարողությունը մարտունակ և բարոյապես ամուր զինվորի դաստիարակության նախապայմաններից են:
- Մարդկային արժեքների գնահատման լավագույն տարբերակը ինքնահարգանքն է:
- Շատ նորմալ բան է, որ հայը գա ու իր հայրենիքը պաշտպանե, իրավունքն է բոլորին ու նաև պարտականությունը: Զարմանալին այն է, որ ավելի շատ հայեր չեն եկած:
- Զինվորը զինվոր է, երբ ունի պետական մտածողություն:
- Եթե Սփյուռքում իրավիճակը պահպանվի այնպիսին, ինչպիսին եղել է, մենք երբեք հաղթանակ չենք տոնի: Եթե մենք շարունակենք վատնել մեր ռեսուրսներն ու եռանդը՝ մեր պատմական հայրենիքի վրա զինյալ ներկայություն ապահովելու փոխարեն, մենք բնավ հաղթանակի չենք հասնի:
- Ես երդում տված եմ և կպատկանեմ մեկ մարդու, այդ մարդը հայրենիքի ազատության զինվորն է։
- Ադրբեջանի կառավարությունը հաստատ որոշել է հայերին վտարել, հետևաբար՝ դիմադրելուց բացի այլընտրանք չկա: Մենք իրավունք չունենք այս անգամ էլ պարտվելու: Մենք պետք է հաղթենք:
- Զինյալը երբեք չպետք է բավարարվի նրանով, ինչ արդեն գիտե: Ավելին, զինյալը պետք է մանրամասն ուսումնասիրի յուրաքանչյուր իրավիճակ և խուսափի ընդհանրացումներին վստահելուց:
- Դժվար էր մեր ուղին, բայց նպատակը վեհ էր, իսկ դեպի վեհ նպատակ տանող ուղին հաղթանակ է: