Կարևոր իրադարձություններ

Որքան է դոլարի առքի առավելագույն գինը. «Ժողովուրդ»

25 Նոյեմբեր, 2020 09:30
Որքան է դոլարի առքի առավելագույն գինը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Դոլարի փոխարժեքն արդեն մի քանի օր է՝ բարձրացել է. ըստ rate.am-ի՝ Հայաստանի առեւտրային բանկերում երեկվա դրությամբ դոլարի առքի առավելագույն գինը 507-508 դրամ է, վաճառքինը՝ 520-521 դրամ, տարբերությունը՝ 10-13 դրամ:

Ըստ մասնագետների՝ պատճառը դոլարի դեֆիցիտն է: Այժմ հայաստանցիների մի հատվածում արհեստական խուճապ է։ Այս օրերին կան քաղաքացիներ, որոնք դոլար ու եվրո են գնում: Բացի այս, փոխարժեքի առուվաճառքով զբաղվող քաղաքացիները նման իրավիճակներում սկսում են հանրության շրջանում լուրեր շրջանառել այն մասին, որ փոխարժեքը բարձրանալու է, ինչի պատճառով էլ մարդիկ գնում են ու պահած դրամներով դոլար գնում:

Մյուս կողմից՝ դոլարի փոխարժեքի բարձրացումը մեծ անհանգստություն է առաջացրել այն քաղաքացիների համար, որոնք ունեն դոլարային վարկեր. նրանք ֆինանսական զգալի կորուստներ են կրելու: «Ժողովուրդ»օրաթերթին ԿԲ-ից փոխանցեցին, որ ՀՀ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ. «ՀՀ կենտրոնական բանկը շարունակում է իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում եւ անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների եւ ֆինանսական կայունությունը»: Իրենց հերթին տնտեսագետները բնակչությանը խորհուրդ են տալիս սառը դատել ու համբերել եւ արհեստականորեն չնպաստել դոլարի բարձրացմանն ու դրամի արժեզրկմանը, քանի որ ե՛ւ 2009-ի փետրվարին, ե՛ւ 2014-ի դեկտեմբերին մարդիկ, որոնք խուճապահար արտարժույթ են գնել, միշտ տուժել են: Հիշեցնենք՝ 2014 թվականի դեկտեմբերին մարդիկ 550-600 դրամով դոլար էին գնում եւ հետո ստիպված եղան 460-470 դրամով այն վաճառել»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին