Կարևոր իրադարձություններ

Մեկ ամսից ավել է՝ զինծառայող Տիգրանին փնտրում են. հարազատներն ահազանգում են` պատկան մարմինները որևէ հստակ ինֆորմացիա չեն տրամադրում

23 Նոյեմբեր, 2020 17:10
 Մեկ ամսից ավել է՝ զինծառայող Տիգրանին փնտրում են. հարազատներն ահազանգում են` պատկան մարմինները որևէ հստակ ինֆորմացիա չեն տրամադրում

Մեկ տասնյակից ավելի զինծառայողների ծնողներ ու հարազատներ արդեն մի քանի օր է բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ Պաշտանության նախարարության շենքից դիմաց՝ պահանջելով տեղեկատվություն տրամադրել անհետ կորած համարվող իրենց երեխաների վերաբերյալ: 

Հոկտեմբերից 20-ից հարազատների համար անհետ կորած է համարվում Տիգրան Գրիգորի Կարապետյանը, ով  զորակոչվել է բանակ 2020թ. հունիսի 3-ին , Հոկտեմբերյանի N զորամաս, որտեղից վեց ամիս անց պետք է տեղափոխվեր Կուբաթլու, բայց մի քանի ամիս անց  Լեռնային Ղարբաղում սկսված պատերազմի պատճառով  Տիգրանին  սահմանված ժամանակից շուտ տեղափոխում  են Սիսիան, որից հետո ՝Կուբաթլու:  

«Վերջին անգամ խոսել ենք Հոկտեմբերի 20-ին, բայց չի ասել, որ տեղափոխվել է Կուբաթլու: Ընդամենը ասել է՝ ր լավ է, տեղափոխության մասին որևէ խոսք չի ասել: Ասել է, որ զորավարժություններ են անում, հարմար չի խոսել, հետո կզանգահարի: Օրեր անց պետք է  լիներ Տիգրանի մայրիկի ծնունդը, ինքը մայրիկին զգուշացրել է՝ մամ, եթե չզանգահարեմ ծնունդիդ օրը, չե՞ս  նեղվի չէ՞: Այսինքն ինքը գիտեր, որ հեռախոսները վերցնելու են: Դրանից հետո մենք ընդհանրապես տեղեկություն չենք ունենում երեխայից»,- այս մասին Shabat.am-ին պատմեց է Տիգրանի մորաքույրը՝ Սյուզաննա Հովսեփյանը: 

 Ըստ Տիգրանի մորաքրոջ՝ Հոկտեմբերյանի զորամասից Կուբաթլու տեղափոխվելու մասին հարազատները տեղեկանում են զինծառայողներից:  Այդ ընթացքում զորամասից որևէ հստակ տեղեկատվություն չեն կարողանում ստանալ, ասում են՝ տարել են Սիսիան, որից հետո սկսվում է հակասությունների շղթան: 

Սյուզանա ասաց, որ տեղեկություն են ունեցել, որ հոկտեմբերի 20-ի գիշերը կամ 21-ի առավոտյան թեժ մարտեր են եղել, որին մասնակցել է նաև Տիգրանը: 

Ընտանիքի անդամները եղել են նաև Սիսիանի  զորամասում, որտեղ  Տիգրանն ու մյուս ծառայակիցներն ի սկզբանե տեղափոխվել էին: Տեղի հրամանատարն ասել է, որ Տիգրանը վիրավորվել է, տարել է շոկ, տեղափոխվել է Գորիսի հոսպիտալ, բայց հոսպիտալում փնտրտուքներն ապարդյուն են անցել: 

«Բոլոր հիվանդանոցներում, հոսպիտալներում նայել ենք նման անուն ազգանունով վիրավոր չկա, Տիգրանի անունը չկա ո՛չ անհետ կորածների, ո՛չ վիրավորների, ո՛չ էլ զոհվածներից ցուցակում: 

Մեր ջանքերով հիվանդանոցներում գտել ենք զինծառայողների, որոնք Տիգրանի հետ գտնվել են նույն վայրում:  Նրանց պատմածը նույնն էր, որ թեժ մարտեր են եղել, իրենք չեն իմացել, որ մարտերին պետք է մասնակցեն, իրենց ասել են՝ գնացեք, ձեզ կդիմավորեն, ամեն ինչ նորմալ է լինելու: Դրա մասին ասել է անգամ հրամանատարը՝ անտեղյակ ենք եղել, որ միանգամից մարտի դաշտ ենք մտնելու, իմացել ենք, որ գնում ենք թիկունք պահելու համար, բայց գնացել են ու տեսել, որ մարտի դաշտում են, առաջին գծով մարտ են վարելու: 

Այդ ընթացքում եղել է շատ վատ իրավիճակ՝ հրամանատարը, որը եղել է առջևից  հետ նահանջի հրաման է տվել, բայց երեխաների պնդմամբ՝ թիկունքում գտնվող հրամանատարը զենքի սպառնալիքով ստիպել է, որ առաջ գնան ու մասնակցեն կռվին: Տղաները վիրավորվել են, հիմա հիվանդանոցում են, բայց թե որտեղ է Տիգրանը, ոչ ոք չգիտի",- նշեց Հովսեփյանը: 

Վիրավորված զինվորներից մեկն ասել է, որ Տիգրանին տեսել է մարտի դաշտում, բայց դրանից հետո գիտակցությունը կորցրել է ու չգիտի թե հետո ինչ է եղել Տիգրանի հետ: 

«Խոսել ենք նաև հրամանատարի հետ: Նա մանրամասն պատմում է, թե ինչպես են ընթացել մարտերը, բայց երբ հարցնում ենք՝ Տիգրանից ի՞նչ կարող եք ասել, ասում է՝ կանտուզիա է տարել ու ոչինչ չի կարող ասել: 

Ո՛չ ՀՀ ՊՆ-ն, ո՛չ թեժ գծի օպերատորները, ո՛չ էլ Կարմիր Խաչի Հայկական գրասենյակը որևէ  հստակ ինֆորմացիա չեն տրամադրում՝ որտե՞ղ է զինծառայողը: 

Մինչև նախորդ ուրբաթ երեխան չկար անհետ կորածների ցուցակում: Իմ կռիվների միջոցով  Տիգրանին վերջապես ընդգրկել են անհետ կորածների ցուցակում»: 

 Տիգրանի մորաքրոջ պնդմամբ՝ զինվորի մասին  տեղեկատվություն ստանալու համար անընդհատ պատկան մարմինների քաշքշուկների մեջ են հայտնվում: 

«Դիմում ենք ներկայացրել Կարմիր Խաչ՝  երեխայի անհետանալուց երկու շաբաթ հետո: Օրեր առաջ կրկին մոտցել ենք, արդեն 33 օր է, երեխան չկա, ասում են՝ տվյալները փոխանցել են ՊՆ-ին: Այսինքն ծնողին տեղից տեղ վազացնելու շղթան շարունակվում է»:  

Տիգրանի հարազատները սոցցանցերից տեղեկանում են, որ Իրանում կան տարբեր զինծառայողներ, որոնք հատել են սահմանը (Խմբ. Այս մասին պաշտոնական ինֆորմացիա չկա):  

«Իրանի դեսպանատան աշխատակիցն ասաց, որ իրենք նման ինֆորմացիա չունեն: Թեժ գիծ զանգելուց հետո, աշխատակիցն ասաց, որ կարող եք մոտենալ, թողնել ձեր դիմումը: Մենք բնականաբար մոտեցանք դեսպանատուն, թողեցինք երեխայի տվյալները: Ասացին, որ երկու օր հետո կպատասխանեն, բայց օրեր անց էլ ոչ մի  պատասխան մեզ չի տրվել:  Ուղղակի տարբեր լրատվամիջոցներից, չգիտեմ՝ ինչքանով է կեղծ, ինչքանով՝ հավաստի, ստանում ենք ինֆորմացիա, որ դեսպանատունը մերժել է, այսինքն՝ ասել է, որ մեզ մոտ չկա: Բայց ներսի աշխատակիցներից ասում են, որ հաստատ կան զինվորներ: Նորից հակասությունների ենք բախվում այստեղ: 

Օրեր առաջ, երբ պատերազմն ավարտվել էր, մեզ ասացին, որ գտնել են բազմաթիվ զինվորներ: Փորձեցինք ինֆորմացիա գտնել, և կրկին ոչ պաշտոնական, ուղղակի աշխատակիցներից իմացանք, որ կան բազմաթիվ գտնված զինվորներ, երբ փորձում ենք պաշտոնական ինֆորմացիա ստանալ, ասում են՝ չկա նման տեղեկատվություն, բայց ներսի մարդիկ ասում են, որ կա նման բան: 

Հիմա ես ուզում եմ հասկանամ՝ ներսի մարդիկ, որոնք մեզ ոչ պաշտոնական ասում են, որ զինվորներ կան, բայց անուններ չեն հրապարակում: Ուզում եմ հասկանալ՝ խնդիրն ինչու՞մն է, եթե գտնված չեն , այդ մարդիկ ի՞նչ նպատակով են նման բան ասում, իսկ եթե կա՝ ինչու՞ են լռում: Մինչ օրս մենք զորմասից կամ մյուս պատասխանատու  մարմիններից չենք կարողանում ինֆորմացիա ստանալ: Չենք կարող օրեր շարունակ ծնողին պահել դեղերի ազդեցության տակ, որպեսզի չհասկանա, թե ինչ է կատարվում»: 

Շարունակելով միտքը, Տիգրանի մորաքույրը ցավով նշեց. «Այլ բան է, երբ գիտակցում ես, որ երեխան զոհվել է, հուղարկավորություն ես կազմակերպում, այլ է՝ երբ որևէ ինֆորմացիա չունես: Ես հարգում եմ բոլորի վիշտը, յուրաքանչյուրը կորցրել է իր երեխային, բայց երեկվա միջոցառումը, որը կատարվեց Հայաստանի մասշտաբով ու ղեկավարության կողմից, դա անընդունելի քայլ էր, երբ դուք՝ ղեկավարներ ջան, չեք գտել բոլոր զոհերին, ու դուք դաշտում՝ թուրքի ոտքի տակ ունեք բազմաթիվ դիակներ, հիշատակի օր կազմակերպել և հարգել այդ զինվորին, անամոթություն է: Ոչ մի զինվորի ծնող չի կարող  ընդունել, երբ իր երեխայի նկատմամբ նման անտարբեր վերաբերմունք ցույց տան: Ես հիմա համոզված չեմ, թե մեր երեխան ինչ վիճակում է գտնվում, բայց գիտեմ հաստատ, որ մենք դաշտերում դեռևս դիակներ ունենք, ու հարգել հիշատակը, բայց թողնել թուրքի ոտքի տակ՝ ծայրագույն ողբերգություն է, որի մեջ մենք ապրում ենք: Վարչապետը, երբ նոր էր եկել պաշտոնին, համբուրում էր բոլոր զոհվածների ծնողների ձեռքերը, բայց այսօր անգամ չի ուզում լսել ու ընդունել զոհված զինվորի ծնողին»: 

Սյուզանա Հովսեփյանի խոսքով՝ Տիգրան Կարապետյանի նման իրենց վաշտից կորել է վեց զինվոր, իսկ ընդհանուր Հոկտեմբերյանում տեղակայված զորամասից անհետ կորածները շատ են: 

«Մենք մի քանի ծնողի հետ կապի մեջ ենք, փորձում ենք միասին ինչ որ տեղեկություններ գտնել:  

Ներկա պահին 8-9 զինվորի տվյալ ունենք, որոնց ծնողները փնտրում են, բայց իրենք էլ իրենց հերթին ասում են, որ ունեն ծանոթներ, որոնք իրենց երեխային են փնտրում: 

Բոլոր ծնողների մոտ առաջին խնդիրն  ինֆորմացիայի բացակայությունն է: Ցավը նա է, որ երբ հրամանատարից հետաքրքրվում ենք զինվորների մասին, ինքը ոչ թե մեզ նկարագրում է, թե երեխան ինչ վիճակում է եղել, այլ պատմում է, թե իրեն ինչ մեդալ են տվել, որպես լավ հրամանատար: Ինձ հետաքրքիր չէ՝ իրենց պաշտոնը, իրենց եսը, կոչումը և մեդալները:  Ինձ միայն երեխաներն են հետաքրքիր»:  

 

 

Լրահոս

Դիտել ավելին