Կարևոր իրադարձություններ

Որքան է դոլարի փոխարժեքը. այն բարձրացել է. «Ժողովուրդ»

21 Նոյեմբեր, 2020 08:30
Որքան է դոլարի փոխարժեքը. այն բարձրացել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Դոլարի փոխարժեքը բարձրացել է. Հայաստանի առեւտրային բանկերում երեկվա դրությամբ դոլարի առքի առավելագույն գինը 500-501 դրամ է, վաճառքինը՝ 509-511 դրամ:

Պատճառը դոլարի դեֆիցիտն է: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:

«Պակասել են այլ երկրներից ուղարկվող գումարները, որոնք դոլար են ուղարկում իրենց ընտանիքներին: Պակասել է, որովհետեւ արտահանման ծավալներն են պակասել, որոնք վաճառած ապրանքի դիմաց դոլար կամ եվրո էին ստանում, որը բանկերում դառնում էր փոխանակման գումար: Նաեւ արտասահմանից եկող օգնություններն են պակասել որոշակի»,- ներկայացրեց Գ. Մակարյանը:

Մասնագետի խոսքով՝ դոլարի բարձրացումը ձեռնտու կարող է լինել արտահանման ոլորտում. եթե մեր արտահանման ծավալներն աճում են, ապա դրա արդյունքում մենք դոլարի դիմաց ավելի շատ դրամ ենք ստանում, այդ առումով ձեռնտու է: «Բայց մեր արտահանման ծավալները մոտավորապես 3 անգամ զիջում են ներմուծման ծավալներին: Այս դեպքում ավելի վատ է, որովհետեւ թանկացած դոլարը եւ եվրոն նշանակում է, որ ներմուծողներն ավելի թանկ գնով են ձեռք բերում արտարժույթը, հետեւաբար իրենց բերած ապրանքները կարող են թանկանալ»,- լրացրեց մեր զրույցակիցը:

Ի դեպ, տեղեկացնենք, որ դոլարի առքի եւ վաճառքի միջեւ տարբերություն կա: Այս հարցին ի պատասխան` տնտեսագետն ասաց. «Նախկին ժամանակներում է եղել այդպես, երբ բանկերը փորձել են իրավիճակը օգտագործել իրենց օգտին:

Եթե ուշադրություն դարձրել եք, այն ապահով շրջանում տարբերությունը 3-4 դրամ է եղել, հիմա մի քիչ շատ է, բնականաբար, պետք է Կենտրոնական բանկը դրա մասին մտածի, գուցե պետությունը բանկերին կոչով դիմի, որ բանկերն այստեղ ոչ թե եկամուտ, շահույթ լրացուցիչ կորզեն, այլ չնչին եկամուտով աշխատեն հանուն պետության, որովհետեւ պետությունն ու հանրությունն այս պահին աջակցության կարիք ունեն»։

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին