Կարևոր իրադարձություններ

Կորոնավիրուսի հետեւանքով մահացել է Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը

19 Նոյեմբեր, 2020 12:45
Հեղինակ՝ Վահրամ Քահանա Մելիքյան
Կորոնավիրուսի հետեւանքով մահացել է Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը
Վահրամ Քահանա Մելիքյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է․
ՄԱՀԱԶԴ
Ի Տեր ննջեց
Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը
 
Խորը ցավով հայտնում ենք, որ նոյեմբերի 19-ի առավոտյան կորոնավիրուսի պատճառով վախճանվել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբաններից Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը խորապես սգում են լուսահոգի Սեպուհ Սրբազանի անժամանակ մահը:
Սրբազան Հոր վախճանը մեծ կորուստ է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Գուգարաց թեմի և նրա հավատավոր զավակների համար:
Սրբազան Հոր հուղարկավորության հետ առնչված անհրաժեշտ տեղեկությունները կհաղորդվեն առաջիկային:
Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:
ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ
Տ. ՍԵՊՈՒՀ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՉՈՒԼՋՅԱՆ
Ծնվել է 1959 թ. մարտի 24-ին Թուրքիայի Մալաթիա քաղաքում: Նախնական կրթությունը ստացել է Կ. Պոլսի Ներսիսյան վարժարանում:
1969 թ. ընտանիքով հայրենադարձվել է Հայաստան և բնակություն հաստատել Գյումրի քաղաքում, որտեղ շարունակել և ավարտել է միջնակարգ կրթությունը:
1978 թ. ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հոգևոր ճեմարան:
1979 թ. զորակոչվել է խորհրդային բանակ և զորացրվելուց հետո ուսումը շարունակել Հոգևոր ճեմարանում:
1985 թ. դեկտեմբերին սարկավագ է ձեռնադրվել՝ ձեռամբ Մայր Աթոռի Լուսարարապետ Տ. Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի:
1986 թ. մարտին պաշտպանել է ավարտաճառ՝ «Ղուկաս Խարբերդցու թարգմանչական գործունեությունը» թեմայով: Հոգևոր ճեմարանն ավարտելուց հետո, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Վազգեն Ա․ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ծառայության է անցել Վեհարանում` որպես ընդունարանի քարտուղար:
1987 թ. հունիսի 7-ին` Հոգեգալստյան տոնին, ձեռամբ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի, ձեռնադրվել է կուսակրոն քահանա՝ շարունակելով ծառայությունը Վեհարանում:
1987 թ. սեպտեմբերին Վազգեն Ա․ Վեհափառ Հայրապետի կարգադրությամբ նշանակվել է Հոգևոր ճեմարանի վերակացու և ապա փոխտեսուչ:
1989 թ. նոյեմբերին պաշտպանել է վարդապետական թեզ՝ «Պահքը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում» թեմայով:
1990 թ. Վազգեն Ա․ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից նշանակվել է Շվեյցարիայի Ժնև քաղաքի հայ համայնքի հոգևոր հովիվ:
1991 թ. հրավիրվել է Մայր Աթոռ և նշանակվել Շիրակի թեմի փոխառաջնորդ:
1995 թ. հունիսից Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Ա․ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հրավիրվել է Մայր Աթոռ և զբաղեցրել Մայր Աթոռի պահեստային տնտեսության գույքագրման հանձնաժողովի նախագահի և տնտեսական ու շինարարական գործերով կաթողիկոսի խորհրդականի պաշտոնը:
1996 թ. ընդգրկվել է Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովում որպես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ:
1996 թ. նշանակվել է ՀՀ և Հայոց Եկեղեցու հարաբերությունների խմբում` պետության կողմից Մայր Աթոռին կալվածքների վերադարձման հանձնախմբի նախագահ:
1996 թ. հունիսի 3-ին Գարեգին Ա․ Կաթողիկոսի Հայրապետական սրբատառ կոնդակով նշանակվել է Գուգարաց թեմի առաջնորդ:
1997 թ. հունիսի 15-ին` ձեռամբ Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ձեռնադրվել և օծվել է եպիսկոպոս:
2000 թ. մարտի 24-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ․ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից նշանակվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնադրության հանձնախմբի անդամ:
2000 թ. նոյեմբերին նշանակվել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամ:
2000 թ. նշանակվել է 1700-ամյակի տոնակատարությունների գործադիր վարչության անդամ:
2012 թ. մայիսի 17-ին Գարեգին Բ․ Հայրապետի սրբատառ կոնդակով Սեպուհ Սրբազանին շնորհվել է «Արքության» պատիվ քահանայագործության 25-ամյակի և առաջնորդության 15-ամյակի առթիվ:
Սրբազան Հայրը հոգևոր սպասավորության ընթացքում արժանացել է բազում կոչումների և պարգևների։
 
Այդ մասին հայտնում են Մայր Աթոռից:

 

Լրահոս

Դիտել ավելին