Կարևոր իրադարձություններ

Ապագա բժիկ Դավիթը զոհվել է պատերազմի առաջին օրը, տանկ խոցելուց հետո

19 Նոյեմբեր, 2020 12:20
Հեղինակ՝ Արմեն Մուրադյան
Ապագա բժիկ Դավիթը զոհվել է պատերազմի առաջին օրը, տանկ խոցելուց հետո

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

 «Մերօրյա հերոսները». Դավիթ Բադալյան Դավիթը ցավոք համալրեց անմահության ճանապարհը բռնած մեր Հերոսների շարքը... Ապագա բժիշկը զոհվել է պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, տանկ խոցելուց հետո: Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ուժերի սանձազերծած պատերազմն իրողություն է, որը հայ ժողովրդից խլեց հայրենի հողի համար մարտնչող քաջ հայորդիների: Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Դավիթ Բադալյանը Մասիս քաղաքից էր: Որոշել էր որպես նեղ մասնագիտություն ընտրել պլաստիկ վիրաբուժությունը: Ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան Կարինե Բարոյանը խորը ցավ է ապրում սիրելի ուսանողների մասին անցյալով խոսելիս: «Դավիթին բնութագրելու համար ոչ թե դեկան, այլ որպես դասախոս պետք է նշեմ, որ յուրահատուկ սովորող էր: Գիրքը ձեռքից չէր դնում. միշտ ուսանողի կեցվածքով, պատրաստակամ, բոլորին լսելու, օգնելու կամքով»,-ընդգծում է դեկանը: Համակուրսեցիները ևս կարոտով են հիշում կուրսընկերոջ հետ անցկացրած օրերը: Համակուրսեցու՝ Տաթևիկ Զուռնաչյանի խոսքով՝ Դավիթը հասակակից տղաներից տարբերվում էր նպատակասլացությամբ, աշխատասիրությամբ, պլանավորած քայլերով. հստակ գիտեր, թե ինչ պետք է անի բանակից վերադառնալուց հետո: «Միշտ ժամանակ էր գտնում զանգելու, երբեք չէր մոռանում խմբեցիների ու դասախոսների մասին. հարցնում էր ու բարևներ փոխանցում, նույնիսկ հիշում էր բոլորի տարեդարձները: Ձմռանը (մինչև իր բանակ գնալը) միասին ենք պարապել բոլոր քննությունները, վաղ առավոտից մինչև ուշ գիշեր ընկերներով միասին պարապում էինք գրադարանում: Դավիթի ներկայությունից արդեն մեզ պաշտպանված էինք զգում, որովհետև գիտեինք, որ ցանկացած հարցում կաջակցի ու մենակ չի թողնի մեզ»,- նշում է Տաթևիկ Զուռնաչյանը՝ հավելելով, որ երբևէ չի հանդիպել տղայի, ով այդքան դաստիարակված լիներ և նվիրված ընտանիքին ու սիրելի մարդկանց: Տաթևիկը կարոտով հիշում է, որ Դավիթը քաղցրակեր էր. «Իր բանակ գնալուց մեկ ամիս անց խմբով Դավիթի համար իր սիրելի քաղցրավենիքներից էինք ուղարկել, ինչը շատ էր ուրախացել նրան: Նա անկեղծ ու կյանքով լի անհատականություն էր»,-հիշում է ուսանողուհին՝ ընդգծելով՝ անսահման ուրախ է և հպարտ, որ իր կյանքում ունեցել է Դավիթի նման ընկեր և «մեծ» եղբայր: Ապագա բժիշկը զոհվել է պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, տանկ խոցելուց հետո: «Փամփուշտը մտել է սրտը: Ընկերները տեսել են նրան արդեն գետնին ընկած, նա հասցրել է չորս բառ ասել՝ «Մենակ եղբորս բան չլինի»,-պատմում է համակուրսեցին՝ հավելելով, որ Դավիթի եղբայրը ևս ծառայության մեջ է. երկուսն էլ եղել են առաջնագծի տարբեր մասերում: Հավերժ փառք և խոնարհում...

 

Լրահոս

Դիտել ավելին