Կարևոր իրադարձություններ

Մահացել է Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, ԲՈՀ նախկին նախագահ Արմեն Թռչունյանը

18 Նոյեմբեր, 2020 19:23
Մահացել է Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, ԲՈՀ նախկին նախագահ Արմեն Թռչունյանը

Նոյեմբերի 18-ին 64 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Համբարձումի Թռչունյանը: Այս մասին տեղեկանում ենք Գիտության կոմիտեի տարածած հաղորդագրությունից։

Արմեն Թռչունյանը հեղինակ էր բազմաթիվ աշխատությունների, մենագրությունների և միջազգայնորեն ճանաչված գիտական աշխատանքների: Անգնահատելի է նրա վաստակը հատկապես երիտասարդ գիտական կադրերի պատրաստության գործում: Դասավանդմանը զուգահեռ նա 2001-2002 թթ. զբաղեցրել է ՀՀ ԿԳՆ գիտության և գիտամանկավարժական կադրերի պատրաստման վարչության պետի, 2002-2010 թթ.՝ ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահի պաշտոնները, եղել է բազմաթիվ գիտական խմբերի, ատենախոսությունների ղեկավար:

Արմեն Թռչունյանը ոչ միայն բազմավաստակ գիտնական էր և գիտության կազմակերպիչ, այլև ընդգծված անհատականություն, որն իր մարդկային բարձր հատկանիշների շնորհիվ վայելում էր գիտական հասարակության սերն ու հարգանքը:

«Գիտության կոմիտեն իր անկեղծ ցավակցությունն է հայտնում կյանքից անժամանակ հեռացած Արմեն Թռչունյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին ու նրանց հետ կիսում անդառնալի կորստի վիշտը»,- նշվում է հաղորդագրությունում:

 

Լրահոս

Դիտել ավելին