Կարևոր իրադարձություններ

Հանրային քննարկման է ներկայացվել նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրության նախագիծը

18 Նոյեմբեր, 2020 12:33
Հանրային քննարկման է ներկայացվել նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրության նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրության նախագիծը։

Հաստատությունը պատասխանատու է պետական չափորոշիչներին, նախադպրոցական կրթական ծրագրերին, երեխաների տարիքային, ֆիզիոլոգիական և սոցիալ-հոգեբանական զարգացման առանձնահատկություններին, հակումներին ու ընդունակություններին համապատասխան ուսուցման մեթոդների և ձևերի ընտրության, ինչպես նաև նրանց կյանքի անվտանգության և առողջության պահպանման համար:

Համագործակցելով համայնքի և ընտանիքի հետ՝ հաստատությունն ապահովում է սաների ներդաշնակ զարգացումն ու դաստիարակությունը, առողջության ամրապնդումն ու խնամքը, մայրենի լեզվով հաղորդակցվելու և դրա հիմքի վրա օտար լեզուների տիրապետման նախադրյալները,  հաշվելու տարրական կարողությունների զարգացումը, հայրենի բնության, պատմության և ազգային մշակույթի տարրերին  ծանոթացումը, երեխայի մտավոր, բարոյական, գեղագիտական և ֆիզիկական զարգացման հիմքերի ստեղծումը, զարգացման շեղումների կանխարգելումն ու շտկումը, դպրոցական ուսուցման նախապատրաստումը:

Ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ից: Տարիքային խմբերի ձևավորումը և երեխաների տեղափոխումը այլ տարիքային խմբեր կատարվում են յուրաքանչյուր տարվա օգոստոսի 20-ից մինչև 30-ը: Ազատ տեղերը համալրվում են ամբողջ տարվա ընթացքում՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:

Նախադպրոցական ուսումնական հաստատություններն ըստ տեսակների լինում են՝

մսուր՝ 0-3 տարեկանների ընդգրկմամբ.

մսուր - մանկապարտեզ` 0-6 տարեկանների ընդգրկմամբ.

մանկապարտեզ՝ 3-6 տարեկանների ընդգրկմամբ.

նախակրթարան՝ 5-6 տարեկանների ընդգրկմամբ.

կենտրոն՝ 0-6` նախադպրոցական բոլոր կամ որևէ տարիքային խմբի ընդգրկմամբ:

Երեխայի ընդունելությունը նախադպրոցական ուսումնական հաստատություն, անկախ կազմակերպական-իրավական ձևից, իրականացվում է ծնողի (երեխայի օրինական ներկայացուցչի) դիմումի, հաստատության ու ծնողի  միջև ստորագրված պայմանագրի հիման վրա՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:

Հաստատությունը կարող է ունենալ կնիք, ձևաթուղթ, պաշտոնական կայք, ինքնուրույն հաշվեկշիռ և բանկային հաշիվ: Հաստատության պաշտոնական կայքում հրապարակվում են հաստատության նախահաշիվը, ֆինանսական հաշվետվությունները, հաստիքացուցակը, թափուր աշխատատեղերը, հայտարարությունները և հաստատության գործունեությանն առնչվող «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված  տեղեկություններ և այլն:

Հաստատությունն օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է համագործակցել օտարերկրյա կրթական հաստատությունների և կազմակերպությունների հետ, չի թույլատրվում քաղաքական և կրոնական կազմակերպությունների ստեղծումն ու գործունեությունը: Համաձայն քննարկվող կանոնադրության նախագծի՝ նախադպրոցական հաստատությունները կարող են իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն, մասնավորապես, ստեղծել ռեսուրս-կենտրոններ, իրականացնել մասնագետների վերապատրաստման, խորհրդատվական դասընթացներ, վարել ծնողական կրթությանը միտված դասընթացներ և ծրագրեր, կազմակերպել լրացուցիչ կրթական ծառայություններ, սաների երկարօրյա կամ շուրջօրյա ուսուցում և խնամք։ 

Հավելենք, որ ՀՀ  ազգային փոքրամասնությունների նախադպրոցական կրթությունը կարող է կազմակերպվել իրենց մայրենի կամ ազգային լեզվով՝ հայերենի պարտադիր ուսուցմամբ: Նախադպրոցական ուսումնական հաստատություն չունեցող համայնքում կամ բնակավայրում կարող են ներդրվել նախադպրոցական կրթության կազմակերպման ծախսարդյունավետ այլընտրանքային մոդելներ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին