Կարևոր իրադարձություններ

Առողջապահության ազգային ինստիտուտը Արսեն Թորոսյանին է ներկայացրել ամփոփ տեղեկատվություն կատարված աշխատանքների վերաբերյալ

17 Նոյեմբեր, 2020 22:36
Առողջապահության ազգային ինստիտուտը Արսեն Թորոսյանին է ներկայացրել ամփոփ տեղեկատվություն կատարված աշխատանքների վերաբերյալ

Այսօր ԱԱԻ-ի կողմից ՀՀ Առողջապահության նախարարին ներկայացվեց անցած ամիսների ընթացքում կատարված և առաջիկայում նախատեսված կատարվելիք աշխատանքները։ Քննարկվեցին առաջիկայում իրականացվող ծրագրերը։ Այս մասին հայտնում են Առողջապահության ազգային Ինստիտուտից։

Անցած երկուսուկես ամիսների ընթացքում Առողջապահության ազգային ինստիտուտը շարունակել է հիմնական գործառույթների իրականացումը` առանցքում ունենալով տվյալ ժամանակահատվածի հրամայականը:

Ամիսներ շարունակ, ԱԱԻ-ը իրականացնում է մի շարք միջոցառումներ, որոնք միտված են աջակցելու կորոնավիրուսային համավարակի դեմ իրականացվող պայքարին: Մասնավորապես՝ իրականացվող դասընթացների շրջանակներում տրամադրվում են գիտելիքներ և հմտություններ նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելման, վերահսկման, նմուշառման տեխնիկայի, ՊՇՌ հետազոտության, արտահիվանդանոցային և ներհիվանդանոցային պայմաններում COVID-19 դրական պացիենտների բուժօգնության վերաբերյալ, ինչպես նաև նեղ մասնագիտական միջազգային և տեղական վեբինարների շարք՝ նոր կորոնավիրուսային վարակի վերաբերյալ, մասնավորապես, «COVID-19 և Վիտամին Դ», «COVID-19 և շաքարային Դիաբետ», «COVID-19 դրական հիվանդների բուժքույրական գնահատում», «COVID-19. Վաղ փորձառություն և թարմացված ուղեցույց», «Հոգեկան առողջություն և COVID-19», «Ռևմատոլոգիա և COVID-19» և այլն:

Ընդհանուր վերոնշյալ դասընթացներին մասնակցել են 2000-ից ավել մասնագետ:

Հաշվի առնելով սեպտեմբերի 27-ին սկսված ռազմական գործողությունների արդյունքում տուժածներին պատշաճ բժշկական օժանդակություն տրամադրելու և փորձի փոխանակման անհրաժեշտությունը՝ ԱԱԻ-ը Հայկական բժշկական միջազգային կոմիտեի հետ համատեղ կազմակերպել է «Ժամանակակից ռազմական վնասվածք. տեսակավորումից մինչև բուժում», «Պերիֆերիկ նյարդերի էխոանատոմիան և նեյրոպաթիաները», «Բաց որովայնով հիվանդների կառավարման լավագույն փորձը», «Ճգնաժամային առաջնորդություն և զանգվածային զոհերի խնամք», «Աորտայի (REBOA) վերակենդանացման էնդովասկուլյար օդապարիկի խցանման դերը ռազմական վնասվածքաբանության մեջ» և այլ թեմաներով վեբինարներ, որոնց ընդհանուր առմամբ մասնակցել են մի քանի հարյուր բուժաշխատողներ:

ՀՀ ԱՆ ԱԱԻ կողմից շարունակվել են նաև այլ աշխատանքներ.

Մասնավորապես՝ «Առողջապահության ազգային հաշիվներ», «Մոր և մանկան ազգային զեկույց», «Առողջություն և առողջապահություն», «Առողջապահության համակարգի գործունեության գնահատում» զեկույցների մշակում, կլինիկական ուղեցույցների և գործելակարգերի մշակում, բուժաշխատողների վերապատրաստման դասընթացներ, ինչպես նաև համապատասխան ամբիոններում օրդինատուրայի ընդունելություն:
Ներկայումս ավարտվել են նաև, ԱԱԻ-ին՝ Հանրապետական գիտաբժշկական գրադարանի միացման իրավական աշխատանքները: Գործընթացը բացառապես միտված էր առավել ամրապնդելու ԱԱԻ-ի գիտակրթական հենքը, կլինօրդինատորներին հնարավորություն ընձեռելով ՝ հարստացնել իրենց մասնագիտական գիտելիքները: Ժամանակակից և հարուստ գրադարանային նյութերը ընթերցողին առավել հասանելի դարձնելու համար, առաջիկայում կմեկնարկեն գրադարանային ֆոնդի թվայնացման աշխատանքերը:

Հ.Գ Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմի առաջին իսկ օրվանից, ԱԱԻ-ի բազմաթիվ կլինօրդինատորներ և աշխատակիցներ սեփական նախաձեռնությամբ մեկնեցին առաջնագիծ՝ զինվորագրվելով հայրենիքի պաշտպանությանը:

 

Լրահոս

Դիտել ավելին