Կարևոր իրադարձություններ

Արցախցիները Հայաստանում կստանան որակյալ և պատշաճ բժշկական օգնություն և սպասարկում․ Արսեն Թորոսյան

17 Նոյեմբեր, 2020 19:03
Արցախցիները Հայաստանում կստանան որակյալ և պատշաճ բժշկական օգնություն և սպասարկում․ Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանին: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից։

Քննարկվել են Արցախից Հայաստան տեղափոխված քաղաքացիների պետական պատվերի շրջանակներում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման վերաբերյալ մի շարք հարցեր:

Նախարար Արսեն Թորոսյանը վստահեցրել է, որ արցախցիները Հայաստանում կստանան որակյալ և պատշաճ բժշկական օգնություն և սպասարկում: Առաջիկայում կսահմանվեն մեխանիզմներ, որով կամրագրվի Արցախից Հայաստան տեղափոխված քաղաքացիների պոլիկլինիկական ծառայություններից օգտվելու իրավունքը: Այն հիմք կծառայի, որպեսզի անհրաժեշտության դեպքում կազմակերպվի նաև ստացիոնար բուժումը` մի շարք ծառայությունների մասով:

Նախարարը կարևորել է, որ արցախցի երեխաները դուրս չմնան իմունականխարգելման գործընթացից և այդ առնչությամբ նշել է, որ արդեն իսկ ծրագրի ղեկավարին հանձնարարել է ձեռնարկել միջոցառումներ հարցի կարգավորման նպատակով: Աշխատանքներ են տարվում նաև պետական ծրագրերով տրամադրվող դեղերը շահառուներին անխափան հատկացնելու ուղղությամբ:

Նախարարները քննարկել են նաև ապագայում Արցախում վերաբնակեցմանը նպաստող առողջապահական մի շարք ծրագրեր:

Միքայել Վիրաբյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը և մասնավորապես Արսեն Թորոսյանին` մշտապես արցախի ժողովրդին աջակցելու և հատկապես պատերազմական այս ծանր օրերին բժշկական օգնության կազմակերպման գործում անհրաժեշտ լուծումներ տալու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին