Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    510
    521

  • EUR

    604
    620

  • RUB

    6,67
    6,97

Կարևոր իրադարձություններ

Դիվանագիտական աշխատանքի ահռելի դաշտ է բացվել․ «Փաստ»

17 Նոյեմբեր, 2020 08:30
Դիվանագիտական աշխատանքի ահռելի դաշտ է բացվել․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.

«Այս օրերին բոլորիս ուշադրության կենտրոնում է այն հարցը, թե ինչպես ստացվեց, որ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հրադադարի համաձայնագրով հայկական կողմին ստորացուցիչ պայմաններ պարտադրվեցին։ Այս համաձայնության իրականացումը ոչ միայն շատ ծանր վիճակի մեջ է դնում հայկական կողմին, այլև նպաստավոր իրավիճակ է ստեղծում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շատ հեռուն գնացող պանթուրքական ծրագրերի իրականացման համար։ Սակայն ի նկատի ունենանք, որ հրադադարի մասին այս հայտարարությունը իր անորոշություններով հանդերձ, հեռու է Արցախյան հակամարտության վերջնական կարգավորում լինելուց։

Սրա մասին, ի դեպ, խոստովանում է նաև այս խայտառակությունը Հայաստանի «վզին փաթաթած» Նիկոլ Փաշինյանը: Մյուս կողմից էլ այն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափից դուրս է, սակայն հիմնախնդրի կարգավորմանը հասնելու միջազգային մանդատը տրված է հենց համանախագահության ինստիտուտին։ Ուստի հայկական կողմի համար բազմաթիվ անելիքներ կան, որպեսզի հրադադարի մասին փաստաթուղթը տեղափոխվի Մինսկի խմբի համանախագահության ձևաչափ։ Կարևոր խնդիր է, որ Ռուսաստանի հետ միասին ԱՄՆ-ը և Ֆրանսիան ևս ակտիվորեն ներգրավվեն հակամարտության կարգավորման գործընթացում։ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ակտիվությունը թույլ կտա որոշակի փոփոխություններ մտցնել մեզ համար շատ ծանր պայմաններ նախատեսող եռակողմ հայտարարությունում, քանի որ այս երկրները կարող են լրացուցիչ լծակներ կիրառել թուրքադրբեջանական տանդեմի ախորժակը զսպելու ուղղությամբ։ Գաղտնիք չէ, որ Թուրքիային հաջողվեց շատ արագ ներթափանցել Հարավային Կովկաս և ակտիվ մասնակցություն ունենալ Արցախյան հակամարտության շուրջ տեղի ունեցող գործընթացներում։

Ճիշտ է՝ Թուրքիային չհաջողվեց անմիջական մասնակից դառնալ եռակողմ համաձայնությանը և հասնել իր խաղաղապահների տեղակայմանը հակամարտության գոտում, սակայն Անկարային հաջողվում է ամրապնդել իր ներկայությունն Ադրբեջանում։ Իսկ Թուրքիայի ազդեցության հզորացումը Հարավային Կովկասում իրենից մեծ վտանգ է ներկայացնում։ Հատկապես անհրաժեշտ է հաշվի առնել, որ Սիրիայից և Լիբիայից բերված ահաբեկիչները ռազմական գործողությունների դադարեցումից հետո ոչ միայն չեն վերադառնում այնտեղ, որտեղից եկել էին, այլև մտադիր են հաստատվել Արցախից վերցված կամ դրանց սահմանակից տարածքներում։ Իսկ այդ դեպքում նրանք կարող են լուրջ ահաբեկչական գործոն դառնալ ինչպես տարածաշրջանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։

Ուստի միջնորդների ուշադրությունը պետք է ևս մեկ անգամ հրավիրել Թուրքիայից եկող ահագնացող սպառնալիքի վրա։ Ըստ էության, բանակցային գործընթացում ավելի ամուր դիրքերից հանդես գալու համար անհրաժեշտ է, որ Հայաստանը կարողանա պահպանել ներքին կայունությունը և միասնականությունը, որն այս օրերին շատ փխրուն վիճակում է։ Բայց, ինչպես արդեն բոլորն են շեշտում, այս իշխանության պարագայում դա գրեթե անհնար է: Միևնույն ժամանակ, բանակցային գործընթացի տրամաբանությունը հուշում է, որ պարտության հիմնական քաղաքական պատասխանատուներին պետք է փոխարինեն պրոֆեսիոնալ անձինք, որոնք ավելի անկաշկանդ գործելու հնարավորություն կստանան։

Այս ծայրահեղ իրավիճակում հայկական կողմի շահերից է բխում նաև հայ-ռուսական փոխգործակցության խորացումը։ Հարցն այն է, որ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանն ունի ամենաշատ լծակները և ազդեցության գործիքները Հարավային Կովկասում ու ի վիճակի է հակակշռել Թուրքիայի ծավալապաշտական նկրտումներին։ Պետք է հասնել նրան, որ հայ-ռուսական դաշինքը դառնա տարածաշրջանային ամենակարևոր գործոնը, որը թույլ կտա չեզոքացնել թուրք-ադրբեջանական աճող ազդեցությունը։

Այնպես որ, դիվանագիտական աշխատանքի ահռելի դաշտ է բացվել, պետք է ամեն ջանք ներդնել իրադարձությունների զարգացումը մեր կողմը թեքելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին