Կարևոր իրադարձություններ

Ամեն ինչ բարձր մակարդակով արվել եւ արվում է․ Սյունիքի մարզպետ

16 Նոյեմբեր, 2020 17:02
Ամեն ինչ բարձր մակարդակով արվել եւ արվում է․ Սյունիքի մարզպետ

Արձագանք «Սյունյաց երկիր» թերթի «Հազարամյակներով անառիկ ու անմատչելի Սյունիքի դարպասները փորձում են բացել մեր դարավոր թշնամու՝ թուրքի առջեւ. մարզպետ Հունան Պողոսյանն ասելիք չունի՞» հրապարակմանը

«Հարգելի՛ պարոն Ալեքսանյան, ասում եք, որ լավ եք ճանաչում ինձ։ Եթե, իսկապես, լավ եք ճանաչում ինձ, պետք է իմանայիք ու կարծում եմ՝ գիտեք (մեկ անգամ չէ, որ Ձեզ հյուրընկալել եմ ՝ նույնիսկ այս դժվարին օրերին), որ որտեղ էլ լինեմ (Կապան, Մեղրի, Քաջարան, Գորիս, Տեղ, Տաթեւ, Սիսիան, Գորայք, մարզի ցանկացած բնակավայր) աշխատասենյակիս դռները միշտ բաց են եղել, ես էլ մշտապես պատրաստ եմ համագործակցության։
Գայիք, բերեիք Ձեր առաջարկները, քննարկեինք, գտնեինք յուրաքանչյուրիս աշխատանքի ճակատը ու միասին գործեինք։
Չգիտեմ ինչու նախընտրել եք հրապարակային դիմելաձեւը եւ գոնե ինձ համար անհասկանալի հռետորաբանությունը։
Կարծում եմ՝ Ձեր ուղերձը շատ երկարաշունչ է եւ գերազանցապես հռետորական հարցերին պատասխանելը կդիտվի որպես ժամավաճառություն։
Պարո՛ն Ալեքսանյան, ասում եք, որ լավ եք ճանաչում ինձ։ Ուրեմն պետք է իմանայիք, որ պաշտոն ասվածն ինձ համար միշտ երկրին ու ժողովրդին ծառայելու միջոց է եղել։ Եվ հիմա էլ այդպես է։
Հավելեմ, որ Սյունիքին ծառայելու համար պարտադիր չէ սյունեցի լինել, կարելի է լինել նաեւ ՄՇԵՑԻ, ով հրաշալի գիտի Սյունիքի պատմությունը եւ առնվազն սյունեցու չափ նվիրված է Հայոց այս աշխարհին։
Լա՞վ եք ճանաչում ինձ։
Ուրեմն, պետք է իմանայիք, որ ես գործի մարդ եմ, ոչ թե խոսքի։ Եվ այդ գործը հիմա էլ արվում է ողջ ծավալով, ընդ որում, լիարժեք արվում է նաեւ համայնքների ղեկավարների կողմից ։ Ա՛յ, նրանց հայրենասիրությունն է ուսանելի, եւ հպարտ եմ, որ միասին ենք աշխատում։
Արդեն իսկ կատարվածի մասին, տա Աստված, ժամանակ ունենանք, կխոսենք։
Պարզապես իմ սկզբունքներից դուրս են ինքնագովությունն ու շատախոսությունը, ինքնագնահատականներ շռայլելը։ Առավելեւս՝ այս դժվարին պայմաններում արվածն ու անելիքն ի լուր ամենքի, նաեւ թշնամու, հայտարարելը․․․
Ինձ խորթ է ականջահաճո հայտարարություններ անելը։ Ինձ համար դա անընդունելի է։
Ես աննկատ, անաղմուկ, բայց հիմնավոր աշխատանքի կողմնակից եմ։
Ձեր առաջին հարցադրմանը պատասխանեմ առանց փակագծեր բացելու․ ամեն ինչ բարձր մակարդակով արվել եւ արվում է՝ Ձեր նշած կառույցների (եւ ոչ միայն) գործուն մասնակցությամբ, այժմ էլ ամեն ինչ բարելավվում է։
Երկրորդ հարցադրմանը, կարծում եմ, արդեն պատասխանել եմ ։ Ավելացանեմ՝ բոլոր հայտարարությունները, պարզաբանումներն ու մեկնաբանություններն արեք, երբ ՍՅՈՒՆԻՔԸ դուրս գա այս փորձությունից։
Հավելեմ, որ ունեմ կայացրած որոշում։ Այն ինձ համար միանշանակ է ու անբեկանելի։ Բայց այս պահին մեզ համար առաջնահերթ է մեր սահմաններն ամրացնելն ու անառիկ պահելը։ Առայժմ՝ այսքանը։ Աստված պահապա՛ն բոլորիս։

Հ․Գ․ Միշտ հաճելի է եղել Ձեզ հետ զրուցելը։ Հուսով եմ ՝ կհանդիպենք։
ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ»

 

Լրահոս

Դիտել ավելին