Կարևոր իրադարձություններ

Իրանը գնդակոծել է «սահմանից այն կողմ» գրոհայինների դիրքերը. РИА Новости

14 Նոյեմբեր, 2020 23:58
Իրանը գնդակոծել է «սահմանից այն կողմ» գրոհայինների դիրքերը. РИА Новости

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի մի մասը) գնդակոծել է «սահմանից այն կողմ» գրոհայինների դիրքերը, որոնք հարձակում են գործել Իրանի սահմանապահների վրա: Այս մասին հաղորդում է IRIB հեռուստառադիոընկերությունը, գրում է РИА Новости-ն։

Նախօրեին իրավապահները հայտնել են Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգում տեղի ունեցած մարտերում իրանցի երեք սահմանապահների զոհվելու մասին: Ուժայինները նշել են, որ թույլ չեն տվել գրոհայինների ներթափանցումն Իրանի տարածք։

«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերը այսօր առավոտյան (շաբաթ օրը) գնդակոծել են երկրի հյուսիսարևմտյան սահմանից այն կողմ գտնվող ահաբեկչական հակահեղափոխական խմբավորումների դիրքերը», – ասված է հաղորդագրության մեջ։

Իրանի զինվորականները հայտնել են, որ գրոհայիններին լուրջ վնաս է հասցվել, սակայն չեն հստակեցրել, թե որ երկրի տարածքում են գտնվել անհայտ խմբավորման դիրքերը:

Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգը սահմանակից է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը, Թուրքիային և Իրաքին:

 

Լրահոս

Դիտել ավելին