Կարևոր իրադարձություններ

ՀՀ դեսպանության և Իրանի առևտրի պալատի միջև համաձայնություն է ձեռք բերվել համատեղ միջոցառումների շուրջ

14 Նոյեմբեր, 2020 18:10
ՀՀ դեսպանության և Իրանի առևտրի պալատի միջև համաձայնություն է ձեռք բերվել համատեղ միջոցառումների շուրջ

ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպեց Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահ Ղոլամհոսեյն Շաֆեիին: Այս մասին տեղեկանում ենք Իրանում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունից։

Երախտագիտության խոսք հայտնելով Ղ. Շաֆեիին այս ծանր ժամանակահատվածում Իրանի ցուցաբերած բարիդրացիական վերաբերմունքի և հավասարակշռված դիրքորոշման համար՝ դեսպան Թումանյանն ընդգծեց, որ Հայաստան-Իրան առևտրատնտեսական հարաբերություններն ընթացիկ տարվա առաջին կիսամյակի ընթացքում պահպանել են նախորդ ժամանակաշրջանի զարգացման տեմպը. մի բան, որ խոսում է դրանց համակարգված և փոխշահավետ բնույթի մասին: Նշված միտումները պահպանվել են նաև վերջին մի քանի ամիսների ընթացքում:

Ինչպես նշեց ՀՀ դեսպանը, ըստ էության՝ ո´չ համավարակը, և ո´չ էլ պատերազմական վիճակը չեն խաթարել երկկողմ բնականոն տնտեսական հարաբերությունները:

Առևտրի պալատի նախագահ Շաֆեին ևս անդրադարձավ հայ-իրանական տնտեսական հարաբերությունների վերջին ժամանակաշրջանի հաջողություններին և առաջիկա դրական զարգացումներին:

Զրուցակիցները երկուստեք ընդգծեցին, որ նոր իրադարձություններով պայմանավորված պետք է անել հնարավորինս հարաբերությունների՝ ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային համագործակցության շարունակական զարգացումն ապահովելու համար:

ՀՀ դեսպանության և Իրանի առևտրի պալատի միջև համաձայնություն ձեռքբերվեց մի շարք համատեղ միջոցառումներ կազմակերպելու շուրջ:

 

Լրահոս

Դիտել ավելին