Կարևոր իրադարձություններ

Իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար պատասխանատվություն է սահմանված․ հայտարարություն

12 Նոյեմբեր, 2020 13:09
Իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար պատասխանատվություն է սահմանված․ հայտարարություն

ՀՀ Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

Հ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար:

Կոչերը դրսևորվում են այնպիսի գործողություններով, մարդկանց նկատմամբ այնպիսի ազդեցությամբ, որոնց արդյունքում նրանց մեջ ցանկություն է առաջանում բռնությամբ զավթել իշխանությունը: Այդպիսի գործողություններ կարող են հանդիսանալ մարդկանց զինելը, նրանց համոզելը, հրահրելը և այլն:

Հանցակազմի առկայության համար անհրաժեշտ է, որ կոչերը հրապարակային լինեն, ինչը նշանակում է, որ կոչերը բացահայտ և ընկալելի բնույթ են կրում, ուղղված են մարդկանց լայն շրջանակի:

Հանցագործությունը ավարտված է համարվում հրապարակային կոչերը իրականացնելու պահից` անկախ նրանից` հասել է հանցավորը իր նպատակին, թե՝ ոչ:

Հանցագործությունը բնութագրվում է ուղղակի դիտավորությամբ:

Հանցագործության սուբյեկտ կարող է լինել տասնվեց տարին լրացած մեղսունակ ֆիզիկական ցանկացած անձ:

***

ՀՀ քրեական օրենսգրքի 301.1-րդ հոդվածի 1-ին մասը պատասխանատվություն է նախատեսում Հանրապետության նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը կամ սահմանադրական դատարանին` նրանց նկատմամբ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, նրանց լիազորություններից բխող որևէ գործողություն կատարել կամ չկատարել պարտադրելու համար, որն ուղղված չէ իշխանությունը յուրացնելուն:

Հանցագործությունը դրսևորվում է Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի անդամների նկատմամբ բռնություն գործադրելով, նրանց նկատմամբ բռնություն գործադրելու, նրանց մասին անվանարկող տեղեկություններ հրապարակելու, գույք ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքով նրանց լիազորություններից բխող գործողություն կատարելուն կամ չկատարելուն (գործողության կատարումից ձեռնպահ մնալուն) հարկադրելու ձևով:

Հանցագործությունն ավարտված է համարվում հանցավորի կողմից բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու կամ այլ բնույթի սպառնալիքով նշված անձանց իրենց լիազորություններից բխող գործողություն կատարելու կամ չկատարելու պահանջ ներկայացնելու պահից` անկախ նրանից, հաջողվել է հանցավորին հասնել իր նպատակներին, թե՝ ոչ:

Հանցագործությունը դրսևորվում է ուղղակի դիտավորությամբ:

Հանցագործության սուբյեկտ կարող է լինել տասնվեց տարին լրացած մեղսունակ ֆիզիկական ցանկացած անձ:

***

ՀՀ քրեական օրենսգրքի 301.1-րդ հոդվածի 2-րդ մասով` որպես հանցակազմի ծանրացնող հանգամանք է նախատեսված ծանր հետևանքների առաջացումը:

ՀՀ ոստիկանությունը կոչ է անում ձեռնպահ մնալ նշված հակաիրավական արարքներից»։

 

Լրահոս

Դիտել ավելին