Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    507,5
    514

  • EUR

    610
    624

  • RUB

    6,64
    6,92

Կարևոր իրադարձություններ

Քննարկվում է նախադպրոցական հաստատությունների գործունեության գնահատման չափանիշներն ու իրականացման կարգը

11 Նոյեմբեր, 2020 13:26
Քննարկվում է նախադպրոցական հաստատությունների գործունեության գնահատման չափանիշներն ու իրականացման կարգը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական ուսումնական հաստատության գործունեության ներքին և արտաքին գնահատման չափանիշների և իրականացման կարգը։

Նախագծի ընդունմամբ նախատեսվում է, որ կապահովվի ոլորտում պետական միասնական քաղաքականությունը և մրցակցային պայմանները՝ ուսումնական հաստատությունների միջև կրթական ծառայությունների որակի ու արդյունավետության բարձրացման առումով, կձևավորվի հաշվետվողականության մեխանիզմների առավել արդյունավետ համակարգ, կբարելավվի նախադպրոցական կրթության որակն ու արդյունավետությունը, կնպաստի ուսումնական հաստատությունների գործունեության թափանցիկությունը:

Բացի այդ, նախագծով նախատեսվում է կրթական ծառայությունների որակի և արդյունավետության համեմատական գնահատում, նախադպրոցական կրթության պետական չափորոշչի պահանջներին սաների համապատասխանության, ուսումնական գործընթացի կազմակերպման պայմանների և դրանց բարելավմանն ուղղված աշխատանքների, կրթական ծրագրերի իրականացման, դասավանդման մեթոդների և տեխնոլոգիաների կիրառման արդյունավետության, ինչպես նաև հաստատության զարգացման ծրագրերի մշակման և իրականացման գնահատում։ Ներքին և արտաքին գնահատման գործընթացում նախատեսվում է ներգրավել նաև հասարակությանը։

Կապահովվի նաև շահառուների` սաների և նրանց ծնողների (օրինական ներկայացուցիչների), հաստատության մանկավարժական աշխատողների, նախարարության, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, Երևանի քաղաքապետարանի, կրթության հարցերով զբաղվող կազմակերպությունների, գործատուների իրազեկվածության աստիճանի բարձրացումը:

Համաձայն նախագծի՝ ներքին գնահատումն իրականացնում է ուսումնական հաստատությունը` անկախ դրա կազմակերպաիրավական ձևից և ենթակայությունից, իսկ արտաքին գնահատումը կատարվում է ԿԳՄՍ նախարարության սահմանած գնման առարկայի բնութագրերի հիման վրա` «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ընտրված արտաքին գնահատում իրականացնող անկախ կազմակերպությունը: Ոչ պետական ուսումնական հաստատության գործունեության արտաքին գնահատումն իրականացնում է տվյալ ուսումնական հաստատության ընտրած գնահատողը:

Արտաքին գնահատման դրական արդյունքների հիման վրա գնահատող կազմակերպությունն ուսումնական հաստատությանը տալիս է հավաստագիր, որն ուժի մեջ է հինգ տարի: Հավաստագրի մեջ նշվում է գնահատման (վարկանիշային) միավորը: Արտաքին գնահատման արդյունքների հիման վրա նախարարությունը հրապարակում է արտաքին գնահատում անցած ուսումնական հաստատությունների վարկանիշային ցանկը: Ներքին և արտաքին գնահատումն իրականացվում է նախարարության սահմանած հարցաշարերի հիման վրա, որոնք ներառում են սահմանված չափանիշները, ինչպես նաև գնահատման միավորները:

Նախագծի անհրաժեշտությունն առաջացել է, քանի որ ըստ ոլորտի վերլուծության դինամիկայի՝ նախադպրոցական կրթության պահանջարկն աստիճանաբար ավելանում է: Մասնավորապես, զարգանում են նախադպրոցական կրթության իրականացման տարբերակված ձևեր և մոդելներ, ինչպես ավանդական նախադպրոցական ուսումնական հաստատությունների, այնպես էլ կրթական գործունեության լիցենզիա ունեցող տարբեր կազմակերպաիրավական հաստատությունների բազայի հիման վրա:

Ըստ այդմ՝ անհրաժեշտություն է առաջացել ստեղծել նախադպրոցական ծրագրեր իրացնող հաստատությունների գործունեության վերլուծության և գնահատման մեխանիզմներ, համապատասխան չափորոշիչներ և կանոնակարգել գնահատման ընդհանուր սկզբունքներն ու կանոնները՝ հիմքում ընդունելով նախադպրոցական կրթության ընդհանուր քաղաքականությունը։

Քաղաքացիները և շահառու խմբերը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ մինչև նոյեմբերի 23-ը։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին