Կարևոր իրադարձություններ

Խաղաղապահների տեղակայման առումով այդ փաստաթուղթը լավագույն տարբերակն էր. Դավիթ Տոնոյան (տեսանյութ)

10 Նոյեմբեր, 2020 22:50
Խաղաղապահների տեղակայման առումով այդ փաստաթուղթը լավագույն տարբերակն էր. Դավիթ Տոնոյան (տեսանյութ)

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վստահեցրել է՝ պատերազմի ժամանակ հայկական կողմն արել է առավելագույնը հաջողության հասնելու համար, սակայն ունեցել ենք աշխարհաքաղաքական այնպիսի իրավիճակ, որ գործել ենք սպառազինության և ռազմական տեխնիկայի ապահովման, մատակարարումների տոտալ բլոկադայում։ Այս մասին գրում է 1lurer.am-ը։

«Այն, ինչ կատարվել է թիկունքային ապահովման և մարտական սպառազինության, տեխնիկայի ապահովման  տեսանկյունից, կարելի է, բացի ռազմական գործողություններից, նաև հերոսամարտ համարել։ Արվել է  անհնարինը։ Զինված ուժերը՝ սկսած ժամկետային պարտադիր ծառայողներից՝ մեր հերոս երիտասարդներից մինչև  գեներալներ, մոբիլիզացիոն ռեսուրսը, կատարել են առավելագույն հնարավորինը։ Մենք դիմակայել ենք Ադրբեջանի ԶՈՒ-ի շատ մեծ ուժի՝ գերսպառազինված ուժի»,- ասաց Տոնոյանը՝ նշելով, որ հայկական կողմը ևս եղել է սպառազինված,  բայց, քանակի և ռեսուրսների առումով, Հայաստանի ու Ադրբեջանի հնարավորություններն անհամեմատելի են։

Նախարարը շեշտեց, որ  Ադրբեջանն ունեցել է բացահայտ աջակցություն Թուրքիայից ոչ միայն մարդկային ռեսուրսի, այլև սպառազինության տեսանկյունից, նաև եղել են հազարավոր ահաբեկիչներ ու վարձկաններ, որոնց դիմակայել է մեր բանակը։

«Ես վտահեցնում եմ, որ արվել է մաքսիմումը։  Մենք ունեցել ենք մեծ խնդիր՝ հակառակորդի օդային գերակայության տեսանկյունից, որը ժամանակ առ ժամանակ հաջողվել է չեզոքացնել, բայց հինգերորդ սերնդի միջոցները, որն օգտագործել է Ադրբեջանը՝ Թուրքիայի օգնությամբ, որոշ պարագաներում անհնարին էր դարձրել մեր արձագանքը»,-ասաց պաշտպանության նախարարը։

Տոնոյանի խոսքով՝ իրավիճակն այս պահին Արցախի Հանրապետությունում բավականին հանգիստ է, վերահսկելի, մարտական գործողություններն ամբողջովին դադարեցված են, հատուկենտ կրակոցներ են լինում, շատ արագ տիրակայում են ՌԴ խաղաղարար ուժերը:

«Տեղակայումն իրականացվում է Հայաստանից՝ Գորիսով, Լաչինով դեպի Ստեփանակերտ, որից հետո արդեն խաղաղարար ուժերը կտեղակայվեն  Լեռնային Ղարաբաղի սահմանների և շփման գծի երկայնքով»,-տեղեկացրեց նախարարը:

 

Լրահոս

Դիտել ավելին