Կարևոր իրադարձություններ

Պատերազմը ԼՂ-ի շուրջ կամ ինչու է «չեզոքությունը» նշանակում կողմերից մեկին աջակցել. Լեո Էնզելի հոդվածը. Արմենպրես

09 Նոյեմբեր, 2020 17:03
Պատերազմը ԼՂ-ի շուրջ կամ ինչու է «չեզոքությունը» նշանակում կողմերից մեկին աջակցել. Լեո Էնզելի հոդվածը. Արմենպրես

Թուրքիան ֆինանսավորում է ջիհադիստական վարձկանների ջոկատները, խոսքը մի քանի հազար վարձկանների մասին է Սիրիայից, որոնք մարտնչում են Ղարաբաղի սահմանին ճակատի առաջնագծում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Պատերազմը ԼՂ-ի շուրջ կամ ինչու է «չեզոքությունը» նշանակում կողմերից մեկին աջակցել» խորագրով հոդվածում այս մասին նշել է հակամարտություններ ուսումնասիրող գիտնական, միջմշակութային վերապատրաստման դասախոս, դոկտոր Լեո Էնզելը:  

Գերմանական առաջատար լրատվամիջոցներում Լեռնային Ղարաբաղի շուրջ նորից բռնկված պատերազմի մասին գերիշխում է կեղծ օբյեկտիվություն, որը  դե ֆակտո պարզապես կրկնում է ադրբեջանական հռետորաբանությունը։ Մինչդեռ փաստերը շատ ավելի բարդ են.

«Շատերը փորձում են խուսափել ծայրահեղականությունից՝ ճշմարտությունը մեջտեղում փնտրելով։ Սա որոշ չափով հավասարակշռված ձևակերպում է, բայց ոչ անպայման կանխակալությունից զերծ։ Բանն այն է, որ ճշմարտությունը չի ենթարկվում երկրաչափական պահանջներին, այստեղ մոլորվում է մեջտեղի ծայրահեղականությունը։ Միխայել Շմիդթ-Զալոմոնի այս նախադասությունները կարող էին ասված լինել հենց Լեռնային Ղարաբաղի (հայկական անվանմամբ՝ Արցախի) շրջանի համար` Հայաստանի ու Ադրբեջանի միջև սեպտեմբերի 27-ին վերսկսված պատերազմական հակամարտության մասին գերմանական մամուլում հիմա ներկայացվող հաղորդագրությունների վերաբերյալ։

Այն պահից, ինչ շաբաթներ առաջ մարտերը նորից բռնկվեցին, հատկապես հանրային իրավական կազմակերպչական ձև ունեցող մամուլում, գրեթե ոչ մի հաղորդագրություն ներկա իրավիճակի մասին չի հայտնվում առանց երեք անվճար  մատուցվող մեկնաբանությունների.

«Լեռնային Ղարաբաղի շրջանը մեծամասամբ բնակեցված է հայկական ծագում ունեցող մարդկանցով, բայց միջազգային իրավունքի տեսակետից պատկանում է Ադրբեջանին»,

«Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում...»,

«Մեծամասնությամբ մուսուլմանական Ադրբեջանին օժանդակում է Թուրքիան, մեծամասնությամբ քրիստոնյա Հայաստանին էլ օժանդակում է Ռուսաստանը»։

Երեք նախադասություն և գրեթե ամբողջությամբ խեղաթյուրված՝ բացի այն փաստից, որ Ադրբեջանը մեծածավալ օժանդակություն է ստանում Թուրքիայից։ Այդ իսկ պատճառով նախքան մանրամասն հիմնավորումներին անցնելը ներկայացնում ենք երեք ճշտում․

Լեռնային Ղարաբաղը բնակեցված է ոչ թե «հայկական ծագում ունեցող մարդկանցով», այլ հայերով։ Այդ շրջանը 1991թ. աշնանը, այն ժամանակ գործող խորհրդային իրավունքի հիման վրա, անջատվել է Ադրբեջանի խորհրդային Հանրապետությունից և Խորհրդային Միության փլուզումից ի վեր անկախ, թեև մինչև հիմա ոչ մեկի կողմից չճանաչված պետություն է՝ Արցախի Հանրապետություն, որը պաշտոնապես այդպես է կոչվում 2017 թվականից։

Ներկայիս պատերազմը Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկու հավասարաչափ ուժեղ և առավել ևս երկու հավասարաչափ մեղավոր հակառակորդների հակամարտություն չէ։ Հակառակը՝ ամեն բան վկայում է այն մասին, որ հարձակումը նախաձեռնել է Ադրբեջանը։

Մինչ Թուրքիան մասշտաբային ռազմական, լոգիստիկական առումներով և ամենից առաջ, Սիրիայից (գուցե նաև Լիբիայից) իսլամիստական վարձկանների զորքեր գաղտնի տեղափոխելով, օժանդակություն է ցուցաբերում Ադրբեջանին, Ռուսաստանը (անշուշտ ի ցավս հայերի) մինչ այժմ ոչ ուղղակի և ոչ էլ անուղղակի կերպով չի միջամտել ռազմական գործողություններին։

 

Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը

Լեռնային Ղարաբաղը Հարավային Կովկասի արևելքում արևմուտքից այսօրվա Հայաստանի Հանրապետության, արևելքից Ադրբեջանական Հանրապետության և Հարավից Իրանի միջև ընկած լեռնային շրջան է՝ Գերմանիայի Զարլանդ երկրամասի տարածքից մոտավորապես երկու անգամ մեծ տարածքով, որը հարյուրամյակներ ի վեր գերազանցապես բնակեցված է հայերով և, ինչպես դրա մասին վկայում են բազմաթիվ հնագույն եկեղեցիներն ու վանքերը, կրում է հայերի մշակույթի կնիքը։ Ներկայում այնտեղ ապրում են մոտ 150.000 հայեր։

19-րդ դարի սկզբին՝ ռուս-պարսկական պատերազմից հետո, այդ տարածքն ընկավ ցարական Ռուսաստանի տիրապետության տակ, սակայն Լեռնային Ղարաբաղը չտրվեց 1828թ-ից ռուսական տիրապետության ներքո գտնվող Արևելյան Հայաստանին՝ «Երևանի գավառին», որը աշխարհագրորեն մեծամասամբ համընկնում է այսօրվա Հայաստանի Հանրապետության հետ։ Արդեն ցարն էր ձգտում խոչընդոտել էթնիկական մեծամասնություն ունեցող շրջանների միասնական գոյությանը և այդ պատճառով («Բաժանիր և տիրիր») Լեռնային Ղարաբաղի շրջանը կցեց մեծամասնությամբ ադրբեջանցի բնակչություն ունեցող Ելիզավետպոլի (այսօր՝ Գյանջա) գավառին, որը հոկտեմբերյան հեղափոխությունից հետո 20-ական թվականների սկզբին դարձավ Ադրբեջանի Խորհրդային հանրապետության մաս։

Արևելյան Անատոլիայում և Օսմանյան կայսրության այլ մասերում ապրող արևմտահայերը 19-րդ դարում բազմիցս դառնում էին կառավարության կողմից խթանվող սարսափելի պոգրոմների և կոտորածների զոհ․ հենց միայն 1894-1896 թթ. Աբդուլ Համիդ II սուլթանի օրոք օսմանյան իշխանությունները և նրանց դաշնակից քուրդ համիդիե հրոսակախմբերը սպանեցին մինչև 300.000 հայերի, նախքան 1915թ․-ին այսպես կոչված երիտթուրքերի «Միության և առաջադիմության կոմիտեն» (İttihat) Առաջին աշխարհամարտի ստվերում գերմանական կայսրության կառավարության լռելյայն հավանությամբ կկատարեր հայ բնակչությամբ նկատմամբ մինչև այսօր էլ Թուրքիայի կողմից չճանաչված ցեղասպանությունը, որին զոհ գնացին մինչև մեկուկես միլիոն հայեր (նրանց մեծամասնությունը քշվել էր բառացիորեն մահվան քայլարշավներով Միջագետքի անապատը) և որը հետագայում Հիտլերի համար օրինակ եղավ եվրոպացի հրեաների սպանության համար։

20-րդ դարի պատմությունում այդ առաջին եվրոպական ցեղասպանությունը և դրա ժխտումը մինչև այսօր էլ դա կատարածների ժառանգների կողմից այդ ժամանակվանից բոլոր հայերի մեծագույն հոգեբանական վերքն է, որտեղ էլ աշխարհում նրանք ապրելիս լինեն, և չկա մի հայ ընտանիք, որը զոհերի համար ողբալու առիթ չունի։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Լրահոս

Դիտել ավելին