Կարևոր իրադարձություններ

Զոհվելու լուրն առաջինն իմացել է սիրած աղջիկը․ հերոսաբար զոհված Հայկո Արշակյանը Շիրակի մարզից էր

09 Նոյեմբեր, 2020 16:00
Զոհվելու լուրն առաջինն իմացել է սիրած աղջիկը․ հերոսաբար զոհված Հայկո Արշակյանը Շիրակի մարզից էր

Արցախ-ադրբեջանական սահմանին ընթացող պատերազմում հարյուրավոր զինվորներ զոհվեցին հանուն հայրենիքի։

Հայրենիքի պաշտպանության համար հոկտեմբերի 20-ին իր կյանքը նվիրաբերեց Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտ Հայկ Արշակյանը։ Արթիկցի երիտասարդը 28 տարեկան էր, 2015 թվականին ավարտել էր ակադեմիայի «Ճգնաժամային կառավարում» բաժինը։

Սեպտեմբերի 27-ին, երբ ադրբեջանական բանակը ՝ ահաբեկիչների ներգրավմամբ հարձակում գործեց Արցախի ուղղությամբ, Հայկոն գտնվում էր արձակուրդում, սակայն սեպտեմբերի 28-ին մեկնեց Արցախ։ Ընտանիքի անդամներին ասել էր, թե կրակայինի պարապունքների են գնացել, սակայն այդ ժամանակ արդեն ռազմաճակատում էր։  

«Հոկտեմբերի 1-ից ամուսինս էլ մեկնեց Արցախ, նրանք միասին էին աշխատում։ Զանգում էին մի քանի րոպե խոսում էինք, ասում էին՝ ամեն ինչ լավ է և վերջ։ Հոկտեմբերի 20-ից այլևս տեղեկություն չունեինք նրա մասին։ Մամաս ամեն ինչ զգում էր, պարզապես չէինք պատկերացնում, որ Հայկոն կզոհվի։ Ամուսնուս անընդհատ զանգում էի, բայց չէր պատասխանում։ Հետո ամուսինս չկարողացավ ասել այդ լուրը, ես զանգեցի, ասեց՝ Անուշ վիրավորներ եմ տեղափոխում՝ մի խանգարի, մի զանգի»,- Shabat.am-ի հետ զրույցում պատմեց Հայկոյի քույրը՝ Անուշ Արշակյանը։

Հայկոն ամուսնացած չէր, բայց սիրած աղջիկ ուներ, մտադիր էր ամուսնանալ․«Եղբորս զոհվելու լուրն առաջինն իմացել է սիրած աղջիկը։ Ինքը մարզպետարանում է աշխատում, ցուցակները, որ եկել են, առաջինն ինքն է կարդացել Հայկոյի անունը։ Ուզում էր նշանվել, մեծ հարսանիք անել։

Առավոտյան զանգեցի ամուսնուս՝ հարցրեցի Հայկոն վիրավորվե՞լ է։ Ամուսինս լացելով ասեց՝ վիրավոր չի Անուշ, Հայկոյի կյանքը փրկել չհաջողվեց։ Եղբայրս զոհվեց, բայց մինչև հիմա  չենք հավատում, որ զոհվել է»։

 Վերջին անգամ մոր հետ խոսելուց Հայոն ասել էր․ «Մա՛մ ջան, դուխով»։

28-ամյա երիտասարդի համար հայրենիքը թանկ էր, արժանապատվությունը՝ վեր ամենինչից։  

 

Լրահոս

Դիտել ավելին