Կարևոր իրադարձություններ

Շուշին այս պահի դրությամբ հանդիսանում է պատերազմի գոտի. Դավիթ Բաբայան

09 Նոյեմբեր, 2020 11:54
Շուշին այս պահի դրությամբ հանդիսանում է պատերազմի գոտի. Դավիթ Բաբայան

Նոյեմբերի 8-ին և լույս 9-ի գիշերը ՊԲ ստորաբաժանումները պաշտպանողական մարտեր են վարել ճակատային գծի հարավ-արևելյան, հարավային և հարավ-արևմտյան ուղղություններում: Շուշի-Քարին տակ հատվածում ինտենսիվ մարտեր են ընթացել թշնամական հայտնաբերված խմբավորումների դեմ, որի արդյունքում վերջինս, կորցնելով մեծ քանակությամբ ուժեր, նահանջել է: Հաղորդագրությունը տարածել է Արցախի Պաշտպանության բանակը։

«Շուշին այս պահի դրությամբ հանդիսանում է պատերազմի գոտի, թատերաբեմ» այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։

ՊԲ հաղորդագրության համաձայն ԱՀ ՊԲ զորքերը նպաստավոր բնագծեր են զբաղեցրել, Դավիթ Բաբայանն անդրադառնալով այս թեմային ասաց․ «Այո, որոշ հատվածներում հետ է շպրտվել, մեր պաշտպանությունն ավելի է խորացել՝ իրենց զբաղեցրած տարածքում։ Որոշ տեղեր կանգնած է, նույնն է, ընդհանուր առմամբ այսպիսին է իրավիճակը։ Կարելի է բնութագրել կայուն ծանր»։

 Նոյեմբերի 9-ը Ադրբեջանում  դրոշի օր է և թշնամին ամեն կերպ պայքարում է Շուշիիում Ադրբեջանի դրոշ բարձրացնելու համար։ Դավիթ Բաբայանից հետաքրքրվեցինք՝ պաշտպանական առումով հնարավո՞ր է, որ ամենածանր օրն այսօր է լինելու մեր բանակի համար․  «Մենք չգիտենք՝ ամենածանր օրն այսօր է լինելու, վաղն է լինելու։ Ընդհանրապես ես դեմ եմ սիմվոլիզմներին։ Գիտեք՝ չկայացած երկիրն է սիմվոլիզմներով տառապում, Ադրբեջանը, չեմ կարծում՝ սիմվոլիզմով տառապում է, ինչքան էլ մենք ուզենք իրականությունը պատկերացնենք այնպիսին, որ ուզում ենք պատկերացնել։ Եթե դրոշի օր է, դա չի նշանակում, որ միլիոնավոր մարդիկ պիտի զոհ տան, որ դրոշ կախեն։ Մենք պետք է ի վերջո հասկանանք՝ ում հետ գործ ունենք։ Մենք գործ ունենք շատ նենգ և լավ պատրաստված թշնամու հետ։ Հիմա եթե վաղը մեր դրոշի օրը լինի, ի՞նչ է պետք է մեկ միլիոն մարդ զոհ տանք, ինչ է մի նպատակի հասնենք ու էդ դրոշը բարձրացնենք ինչ-որ մի տե՞ղ։ Չեմ կարծում, որ նորմալ կայացած երկրները պետք է ապուշություններով տառապեն։ Դրա համար պետք է ամեն ինչ անենք ՝ իրականությանը մոտ լինենք, հերիք է ամեն տեղ վիրտուալ կյանքով ապրենք»։

Անդրադառնալով հակառակորդի զոհերին, Դավիթ Բաբայան ասաց՝ դրանք շատ-շատ են․ «Իրենց կանոնավոր բանակը, թուրքական կանոնավոր բանակը և ահաբեկիչները միասին կռվում են։ Մոտ 10 հազար ու նույնիսկ ավելի շատ զոհ ունեն, բայց դա մեզ չի սփոփում, որովհետև մեզ համար 1 կորուստն անգամ մեծ ողբերգություն է»։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին