Կարևոր իրադարձություններ

Ռոմանոս Պետրոսյանը միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել է ՀՀ և ԱՀ ՄԻՊ-երի համատեղ զեկույցին

07 Նոյեմբեր, 2020 21:45
Հեղինակ՝ Ռոմանոս Պետրոսյան
Ռոմանոս Պետրոսյանը միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել է ՀՀ և ԱՀ ՄԻՊ-երի համատեղ զեկույցին

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր նոր գրությամբ դիմել եմ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին, միջազգային կազմակերպություններին ու գործընկերներին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի և Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի համատեղ հրապարակված զեկույցին՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիական օբյեկտների և խաղաղ բնակչության նկատմամբ մասսայական ոչնչացման քիմիական տարրեր պարունակող (հավանաբար՝ սպիտակ ֆոսֆոր), հրկիզվող զինամթերք կիրառելու վերաբերյալ, որը միջազգային հումանիտար իրավունքի, սովորույթային իրավունքի և շրջակա միջավայրի իրավունքի կոպիտ խախտումներ են։

Ադրբեջանի կողմից իրականացվող և Թուրքիայի կողմից լիովին սատարում վայելող նման ռազմական հանցագործությունները հանգեցրել են Արցախի ժողովրդի կյանքի և առողջության համար երկարաժամկետ վտանգավոր հետևանքների։

Այս զեկույցը ապացույցների վրա հիմնված փաստաթուղթ է, որը ներառում է իրավական վերլուծություններ և համապարփակ ու մանրակրկիտ կերպով ներկայացնում Արցախի քաղաքացիական բնակչության գոյատևման համար անհրաժեշտ օբյեկտների ոչնչացումը, ինչպես նաև լայնամասշտաբ և ծանր հետևանքները Արցախի անտառային տարածքների և շրջակա միջավայրի վրա։

Զեկույցին կարելի է ծանոթանալ այստեղ՝ https://bit.ly/3n04fKS »։

 

Լրահոս

Դիտել ավելին