Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանցի պատգամավորն Իրանի հոգևոր առաջնորդին մեղադրել է ահաբեկիչների տարանցում ապահովելու մեջ

07 Նոյեմբեր, 2020 18:52
Ադրբեջանցի պատգամավորն Իրանի հոգևոր առաջնորդին մեղադրել է ահաբեկիչների տարանցում ապահովելու մեջ

Ադրբեջանցի պատգամավորը Իրանի հոգևոր առաջնորդին մեղադրել է ահաբեկիչների տարանցումն ապահովելու մեջ, իսկ Ռուսաստանին և Ֆրանսիային՝ կեղծ լուրեր տարածելու: Այս հայտարարությունն առաջացրել է Իրանի դժգոհությունը, որտեղ պահանջում են Ադրբեջանի դեսպանին կանչել ԱԳՆ և բողոքի նոտա հղել Բաքվին, գրում է «Արմենպրես»-ը։

Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին նոյեմբերի 3-ին հեռուստատեսությամբ ունեցած ելույթում, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող պատերազմին, տարածաշրջանում ահաբեկիչների ներկայության առնչությամբ իր մտահոգությունն է հայտնել։ «Չնայած հերքումներին՝ առկա են վստահելի հրապարակումներ, որոնք փաստում են ահաբեկիչների ներկայությունը։ Ահաբեկիչները չպետք է Իրանի սահմանների մոտ տեղակայվեն, եթե նրանք մոտենան Իրանի սահմաններին, ապա խիստ հակազդեցության կարժանան»,֊ ընդգծել է Իրանի հոգևոր առաջնորդը։

Ադրբեջանական ucnoqta.az կայքի փոխանցմամբ՝ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Բահրուզ Մագեմարովը նոյեմբերի 6-ին Միլի Մեջլիսում ունեցած ելույթում, անդրադառնալով Իրանի հոգևոր առաջնորդի ելույթին, մասնավորապես նշել է․ «Ես ուզում եմ հավատալ, որ Իրանի հոգևոր առաջնորդն ահաբեկիչ ասելով հղում չի կատարում Ռուսաստանի և Ֆրանսիայի կողմից տարածվող կեղծ լուրերին։ Նա ահաբեկիչ ասելով, նկատի ունի Հայաստան և Ղարաբաղ տեղափոխված «PKK»-ի, «ASALA»-ի և այլ ահաբեկչական կազմակերպությունների անդամներին, որոնց մի մասը ժամանակին Իրանի տարածքով են տեղափոխվել և հենց նրանց է համարում վտանգ տարածաշրջանի և Իրանի համար»։

Մինչ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը փորձում է շտկել իրավիճակը և վերացնել ադրբեջանական ԶԼՄ֊ների՝ պատգամավոր Բահրուզ Մագեմարովի հայտարարության վերաբերյալ հրապարակումները, Իրանում պահանջում են Ադրբեջանի դեսպանին կանչել ԱԳՆ և բողոքի նոտա հղել Բաքվին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին