Կարևոր իրադարձություններ

Այսօր ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի ծննդյան տարեդարձն է

07 Նոյեմբեր, 2020 12:35
Այսօր ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի ծննդյան տարեդարձն է

Երկրապահ կամավորականների միության վարչությունը շնորհավորել է Սասուն Միքայելյանին ծննդյան կապակցությամբ․

Դարերից եկած մի ավանդույթ կա, մարդու տարիքը փաստացի ծնված տարեթվով չեն որոշում, այլ գիտակցական կյանքում նրա կատարած հայրենանվեր, բարեգործական եւ այլ բնույթի բարի աշխատանքների հանրագումարով են որոշում: Եթե փորձենք հաշվել ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի տարիքը սխալ կլինի, քանզի նա դեռ շարունակում է իր հայրենանվեր, ազգապաշտպան բարի գործունեությունը: Հայ ժողովրդի նվիրյալ զավակը 1988-ից՝ երիտասարդ տարիքում, լծվել է ազգային գոյամարտի նախապատրաստության գործին: «Սասունն ու Սեւանի Սուրոն ջոկատներով ուղղաթիռով Ստեփաանակերտում իջան, ոտքով Լաչինով դուրս եկան»,- 1992թ. ասել է Սպարապետ Վազգեն Սարգսյանը՝ բնութագրելով Միքայելյանի անցած մարտական ուղին: Այդ ծանր ու օրհասական օրերին Սասուն Միքայելյանը մասնակցել է գրեթե բոլոր խոշոր մարտական գործողություններին:

Մեծարգո՛ պարոն Միքայելյան,
Շնորհավորելով ձեր ծննդյան տարեդարձը ցանկանում ենք առողջություն, ընտանեկան երջանկություն եւ խաղաղություն հայոց աշխարհին: Դուք երկրապահ Ձեր մարտական ընկերներով, մի անգամ արդեն հաղթանակ կերտել եք, ապա այդ ոգով դաստիարակել եք սերունդներ: Այսօր էլ դժվար ժամանակներ են, բայց մենք մեր աչքի առջեւ ունենալով Ձեր օրինակը հավատացած ենք, որ այսօր էլ Հաղթելու ենք եւ ինչպես դուք եք ասում վերջնական վերջակետ ենք դնելու:

Ճակատագրի հեգնանք է, թե պարզապես զուգադիպություն, բայց 1992թ. Շուշիի ազատագրական մարտերի ժամանակ վիրավորվել էիք հիվանդանոցում էիք, այսօր էլ պարտադրված այս պատերազմում վիրավոր հիվանդանոցում եք:

Այն ժամանակ ապաքինվելուց հետո կրկին մարտադաշտում էիք եւ հաղթանակով վերադարձաք, շուտափույթ ապաքինում ենք մաղթում. վերադարձեք մեր ու Ձեր զինվորներին եւ թող, որ կրկին լսենք հաղթանակի այդ բաղձալի լուրը: Եվ այդ օրը Հայ ազգը հաղթանակի, համախմբման մեծ միջոցառում կանցկացնի ու ցույց կտա աշխարհին, որ Աստծու կողմից ստեղծված այս ազգը միշտ հպարտ ու ամուր կանգնած է իր հայրենի հողի վրա:

Ստորեւ ներկայացնում ենք Սասուն Միքայելյանի եւ նրա հիմնած «Սասուն» ջոկատի մարտական ուղին.

Ծնվել է 1957թ. նոյեմբերի 7-ին Հրազդանի շրջանի Աթարբեկյան, ներկայիս Վանատուր թաղամասում:

Երբ սկսվեցին 1988թ. առաջին բախումները, Միքայելյանը նոյեմբեր- դեկտեմբեր ամիսներին գրեթե 5 տասնյակ մեքենաներից կազմած ավտոշարասյունով մտել է Արդրբեջանի տարածք, կազմակերպել է Չարդախլու, Բադա, Բարում, Ջագիր գյուղերի հայազգի բնակչության անվտանգ տեղափոխումը Հայաստան։ Ապա Հրազդանում կազմավորել եւ հիմնել է «Սասուն» կամավորական ջոկատը, ստանձնելով վերջինիս հրամանատարությունը։ Ջոկատի մարտական ուղին սկսվում է Երասխավանի ինքնապաշտպանական մարտերից, ձգվում Նոյեմբերյանի Բերդավան, Բաղանիս, Ոսկեպար, Տավուշի Պառավաքար գյուղերով, թրծվում Շահումյանի եւ Մրտունաշենի ինքնապաշտպանական մարտերում։ Մարտի դաշտում հաճախ հայտնվելով դժվարին իրավիճակներում, ջոկատայիններն իրենց հրամանատարի քաջությունն ու կազմակերպչական հմուտ ունակությունները զգալու բազում հնարավորություններ են ունեցել։ Միքայելյանին հաջողվել է անգամ յոթ օր շարունակ շրջափակված լինելով խորհրդային բանակի կողմից, ստեղծված իրավիճակից ջոկատն անկորուստ դուրս բերել եւ շարունակել մարտերը։ 1991 թ-ին «Կոլցո» գործողության նույն զորամիավորումը գալիս էր հայաթափելու Մարտակերտի ձորակը եւ կազմավորված տարբեր ջոկատներ, Սասուն Միքայելյանն իր ջոկատով հատուկ դիվերսիոն խմբով Հաթերքում խոչընդոտել են գյուղի հայաթափության խորհրդային բանակի մտադրությունը։ 1992թ.-ին Խոջալուի, Ումոդլուի, Կիչանի, Սրխավենդի, Քելբաջարի ազատգրման մարտերից հետո ջոկատը մասնակցել է Շուշիի ազատագրմանը, որտեղ էլ Միքայելյանը ծանր վիրավորվել է ստանալով հարյուրից ավելի բեկորային վնասվածք։ Դրանց մեծ մասն այդպես էլ հնարավոր չի եղել հեռացնել։ Վերքերից լիովին չապաքինված, նա կրկին վերադարձել է ռազմի դաշտ եւ շարունակաել մարտական գործողությունները մինչեւ զինադադարի հաստատումը։

Մարտական սխրանքի համար Միքայելյանը պարգատրվել է ՀՀ կառավարական, ԼՂՀ «Մարտական խաչ» երկրորդ աստիճան եւ մի շարք մեդալներով, հուշամեդալներով, պատվոգրերով, ստացել է փոխգնդապետի կոչում, անվանական զենք։

Հետագա գործունեության ընթացքում էլ հոգով մնալով հայրենիքի նվիրյալ զինվորը, Միքայելյանն ուշադրությունից դուրս չի թողել իր զինակիցների, զոհված ազատամարտիկների ընտանիքների հիմնախնդիրները։ Այսօր էլ լինելով ԵԿՄ նախագահ նա հավատարիմ է մնացել իր սկզբունքներին: Երկրապահներն այսօր միասնական եւ նույն ոգեւորությամբ մեր հզոր բանակի, հերոս զինվորների հետ առաջնագծում իրենց հաղթական պայքարն են մղում: Այս օրերին Արցախի Հանրապետությունում ընթացող մարտական գործողություններին ավելի քան 2000 երկրապահ արդեն իսկ մասնակցում է, կազմավորվում եւ համալրվում են նոր վաշտերն առաջիկա օրերին առաջնագիծ մեկնելու համար: Երկրապահները վստահ են եւ հավատում են, որ մենք այս կռվում վերջնական հաղթանակ ենք կերտելու: Սպարապետ Վազգեն Սարգսյանն ասում էր. «Ադրբեջանը պետք է իմանա, որ Արցախը մի տեղ է, որին այլեւս խփել, կուլ տալ հնարավոր չէ»: Միանշանակ կրկնելու ենք հաղթանակը, քանզի մեր միասնությունը մեր հաղթանակի գրավականն է:

Օրհնվի ծնունդդ, Հրամանատար:

 

Լրահոս

Դիտել ավելին