Կարևոր իրադարձություններ

ԱՊՀ հարթակը ստի և կեղծիքի տարածման համար չէ. փոխվարչապետ Գրիգորյանը՝ Ադրբեջանի վարչապետին

06 Նոյեմբեր, 2020 14:45
ԱՊՀ հարթակը ստի և կեղծիքի տարածման համար չէ. փոխվարչապետ Գրիգորյանը՝ Ադրբեջանի վարչապետին

ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն արձագանքեց Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հայտարարություններին, թե «խաղաղ ադրբեջանցիները հարձակման թիրախ են դարձել»։

ՀՀ փոխվարչապետը նշեց՝ ստիպված է արձագանքել ադրբեջանական կողմից հնչեցրած հայտարարություններին: Նա հիշեցրեց, որ ԼՂ հակամարտության կարգավորման միակ ձևաչափը, որ միջազգային հանրության մանդատն ունի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է՝ ի դեմս Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի:

«Քանի որ թեմային անդրադարձ է եղել, պետք է ասեմ՝ շարունակվում է Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, ընդ որում՝ դա կատարվում է Թուրքիայի ուղիղ ռազմաքաղաքական աջակցությամբ, Սիրիայից ու Լիբիայից ահաբեկիչների տեղափոխմամբ: Ադրբեջանը պլացդարմ է դառնում ԱՊՀ տարածք ահաբեկիչների ու նրանց գաղափարախոսության տեղափոխման համար»,- ասաց նա:

Գրիգորյանը հայտնեց` Լեռնային Ղարաբաղի բոլոր բնակավայրերը հարձակման թիրախ են դառնում` դպրոցներ, մանկապարտեզներ, մշակութային, պատմական, կրոնական հաստատություններ, այստեղ թշնամական ուժերի կողմից արմատական ռադիկալ ահաբեկչական խմբավորումներին հատուկ մեթոդներ են կիրառվում՝ խաղաղ քաղաքացիների, անգամ դիակների նկատմամբ:

«Ադրբեջանի ղեկավարության խղճին է պատերազմական հանցագործությունների մի ամբողջ շարք: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, միջազգային կառույցների կոչերն անտեսելով՝ Ադրբեջանը բազմիցս խախտել և շարունակում է խախտել հրադադարի մասին պայմանավորվածությունները: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի, իսկ ԱՊՀ հարթակը ստի և կեղծիքի տարածման համար չէ»,- ասաց նա:

 

Լրահոս

Դիտել ավելին