Կարևոր իրադարձություններ

Մեկնարկել են կենսական նշանակության 12 ճանապարհահատվածների վերականգնման աշխատանքները․ ՏԿԵՆ

06 Նոյեմբեր, 2020 10:10
Մեկնարկել են կենսական նշանակության 12 ճանապարհահատվածների վերականգնման աշխատանքները․ ՏԿԵՆ

Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում հոկտեմբերին և նոյեմբերի սկզբին ՀՀ մարզերում մեկնարկել են մոտ 67,9 կմ երկարությամբ 12 ճանապարհահատվածների վերականգնման աշխատանքները։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածած հաղորդագրությունից։

Կենսական նշանակության ճանապարհներ են վերանորոգվում հանրապետության Լոռու‚ Արագածոտնի‚ Սյունիքի‚ Արարատի‚ Արմավիրի‚ Գեղարքունիքի‚ Շիրակի մարզերում։

Վերականգնվող ճանապարհներն են՝

Շիրակ-Կամո (5 կմ)

Մ6-Եղեգնուտ-Դեբեդ (8.3 կմ)

Մ1-Ներքին Սասնաշեն-Մեծաձոր (9.9 կմ)

Մ2-Նորավան (5.3 կմ)

Հ12-Նորամարգ-Հովտաշեն-Մ2 (4.4 կմ)

Մ4-Սևան-Աղթամար համալիր- Մ4 (5.3 կմ)

Մ11-Ախպրաձոր ճանապարհի 2 հատվածները (14.5 կմ)

Լուկաշին-Հ17 (3.2 կմ)

Դաստակերտ-Նժդեհ-Ցղունի (5.4 կմ)

Խոտ (2 կմ)

2020 թվականի ընթացքում հիմնականում կկատարվեն հողային աշխատանքներ‚ ճանապարհների վերականգնումը կավարտվի 2021 թվականին։ Իրականացվելիք աշխատանքները ներառում են գոյություն ունեցող ենթահիմքի քանդում և նոր ենթահիմքի կառուցում, նոր խճային հիմքի կառուցում, հարթեցնող շերտի, ասֆալտբետոնե շերտի տեղադրում, ջրահեռացում, ճանապարհային անվտանգության ապահովում և այլն։

Կենսական նշանակության են այն ճանապարհները, որոնք առնվազն մեկ տրանսպորտային կապ են ապահովում համայնքի և հիմնական ճանապարհի կամ համայնքի և մարզկենտրոնի միջև՝ առանց միջպետական ճանապարհների։

Նշենք‚ որ Հայաստանի կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի շրջանակներում ծրագրի մեկնարկից՝ 2009 թվականից ի վեր ՀՀ մարզերում վերականգնվել է ավելի քան 835 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհ։

 

Լրահոս

Դիտել ավելին